ՀԷՑ-ից այցելում են ձեռնարկատերերին եւ հիշեցնում, որ հոսանքը թանկացել է (տեսանյութ)
Փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին այս օրերին այցելում են Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունից։ Նրանց ներկայացվում է փաստաթուղթ, ըստ որի պարտավորվում են էլեկտրաէներգիայի մեկ կվտ/ժամի համար վճարել 48.78 դրամ, նախկին 41.85-ի փոխարեն։ ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը նշում է. «Նոր պայմանագրեր չեն առաջարկել ձեռնարկատերերին, ընդամենը պայմանագրին կից գոյություն ունի թիվ երեք հավելված, որում նշված են օգոստոսի մեկից գործող սակագները»: Տնտեսական վիճակի պատճառով վերջին մեկուկես տարվա ընթացքում փակվել է 13 հազար փոքր ու միջին ձեռնարկություն։ Հոսանքի գնի թանկացումը կավելացնի փակվող ձեռնարկությունների թիվը։ «Բիզնեսները գնալու են փակվելու, այսինքն՝ իրենց վճարունակությունը պիտի ընկնի, իրենց մարժան պիտի ընկնի, շահութաբերություն չկա, ավելի վնասով կսկսի աշխատել։ Մենք ծնելու ենք նոր գործազրկություն և նոր աշխատանքային միգրացիա»,- համոզված է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Ըստ նրա՝ հոսանքի սակագնի բարձրացումը իր հետ բերելու է շղթայական թանկացումների։ Ինչի հետևանքով էլ աղքատության տոկոսը կբարձրանա. «Ամեն մի ընկերության թիկունքում կանգնած են մի քանի աշխատավորներ, երբ մենք փակում ենք կամ սառեցնում ենք դրանք, ուրեմն այդքան մարդ դառնում է գործազուրկ»։ Կառավարությունը փոխհատուցում է միայն ազգաբնակչությանը։ Հետեւաբար, սա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների պահանջների կատարում չէ ։ «Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ է արել մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին չստորագրել եւ չպարտավորվել հոսանքի համար վճարել թանկացված սակագնով։ Նախաձեռնությունը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկար մինչեւ ՀԷՑ-ում աուդիտի ավարտը փոքր, միջին և խոշոր բիզնեսներին չֆինանսավորելու մասին։ «Խնդիրները լուծվում են միայն փողոցում, բանակցությունների միջոցով մեր երկրում ընդհանրապես ոչ մի հարց չի լուծվում։ Մինչև չճնշես իրենց, մինչև չստիպես իրենք խնդիրները չեն լուծի»,- նշում է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը։ Թե ինչպես է «Ոչ թալանին» նախաձեռնությունը պատկերացնում Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հետագա պայքարը, պարզ կդառնա սեպտեմբերի սկզբին։