Կարող ենք Գերմանիայից առաջ անցնել (տեսանյութ)
«Հելիո տեխնիկա» լաբորատորիայի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Ժոզեֆ Փանոսյանը 25 տարի է՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների ուսումնասիրմամբ է զբաղվում։ Առաջարկում է, որպեսզի մեր երկիրը վերջապես օգտվի դրանցից, քանի որ այլ պետություններ վաղուց արդեն անցել են արևային էներգիայի սպառմանը։ «Այսօր արդեն մատչելի է արևային էներգիան»,-ասում է նա։
Բայց, չնայած սրան, պետությունը, նրա համոզմամբ՝ ոչ մի քայլ չի ուզում իրականացնել՝ արևային էներգիայի արտադրությունը զարգացնելու ուղղությամբ։ «Գերմանիան 50 անգամ ավելի շատ էներգիա է ստանում, քան մենք, չնայած հնարավորություն ունենք այդ երկրից առաջ անցնելու։ Հայաստանում հիմա 1 տոկոսից քիչ է կազմում այդ էներգիան»,-շեշտում է մասնագետը։
Հարցին, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ 10 քմ տարածքն արևից ստացված էներգիայով ապահովելու համար, պարոն Փանոսյանը նշեց. «Մոտ 2500 դոլար կարող է դա արժենալ։ Արևային էներգիայից օգտվելու դեպքում ներդրումը սկզբում պետք է անես»։
Պրոֆեսորը մի հարցում վստահ է. «Մենք մեր բոլոր էներգետիկ հարցերը սրանով կլուծենք»։ Նա հասցրել է արևային մարտկոց պատրաստել և հույս ունի, որ այն կօգտագործվի։
«Եթե երկու, երեք տարի առաջ արևային էներգիայի սարքերը դրսից բերելու համար ոչ մի մաքսավճար չկար, հիմա 32 տոկոս մաքսավճար պետք է անմիջապես վճարես։ Ուրիշ երկրներում օգնում են, որ արևային էներգիան զարգանա, մեզ մոտ առայժմ խոչընդոտներ են ստեղծում»,-շեշտեց պարոն Փանոսյանը։
«Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարարի համար կարևոր էր միայն ատոմակայանը, հիմա նախարարը փոխվել է։ Գոնե ինքն այլ մոտեցում ցուցաբերի»,-հույս հայտնեց պարոն Փանոսյանը։