Ո՞ւմ գրպանն է մտնելու նաիրիտցիների չստացված գումարը (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի 20 նախկին աշխատակից առ այսօր չի ստացել իր աշխատավարձը, թեև կառավարությունը համարում է, որ պարտքը մարված է։ Չստացողներն նրանք են, որոնք գտնում են, որ գործարանը պետք է տա ոչ միայն մոտ 24 ամսվա աշխատավարձը, այլև այն տույժերը, որոնք առաջացել են այդ պարտավորության չկատարման արդյունքում։ Ընդ որում՝ դատարանը բավարարել է նրանց հայցը։ «Նաիրիտի նախկին աշխատակից Սամվել Հովհաննիսյանը նշում է. «Պատասխան չունեն մեզ տալու, որովհետև հասկանում են, որ իրենք օրենքի խախտում են թույլ տվել։ Երբ գործատուն պայամնագիր է կնքում աշխատողի հետ, պայմանագրում նա ունի պարտավորություն՝ եթե ժամանակին չի տալիս աշխատավարձը, նա պարտավոր է տույժ տալ աշխատողին»։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մոտ հավաքվածները, սակայն, այն նաիրիտցիներն էին, ովքեր համաձայնվել էին չստանալ տույժ-տուգանքները։ Նրանք այսօր ուզում էին հասկանալ՝ ինչու տուգանքներից գոյացած գումարը ոչ թե «Նաիրիտ» գործարանի վերագործման նպատակով է ծառայելու, այլ փոխանցվելու է «Նաիրիտ 2»-ին։ «Նաիրիտի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը նշում է. «Եթե «Նաիրիտ 2»-ից չփոխանցվի մեր տոկոսները «Նաիրիտ» գործարանին, մենք բոլորս միահամուռ ուժերով դատի կտանք և կպահանջենք այդ տոկոսները»։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանն էլ հակադարձում է գորշարանի աշխատակիցների այս պնդմանը. «Տոկոս չի լինելու, ի՞նչ տոկոս։ Տոկոսը կլիներ այն դեպքում, երբ գորշարանի աշխատակիցները դիմեին դատարան և սահմանված մեթոդիկայով դատարանը որոշեր, որ պետք է տոկոս կիրառվի»։ Նաիրիտցիներից շատերը հայտարարում են. որ տուգանքներից հրաժարվել են գործարանի տնօրինության շանտաժի արդյունքում։ «Նաիրիտի» տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը հերքում է այդ պնդումը. «2400 հոգու շանտաժի ենթարկել հնարավոր չէ։ Դա երկկողմանի համաձայնագիր է։ Աշխատակիցները, ովքեր համաձայնվել են իրենց աշխատավարձերը ստանալ առանց տույժ ու տուգանքի, այդ համաձայնագիրը ստորագրվել է և ստացել են»։ Ըստ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանի՝ առաջիկա 15-20 օրերի ընթացքում նոր միայն «Նաիրիտ» գործարանի գույքը կհանվի միջպետական բանկի գրավադրումից, որից հետո գործարանի տնօրենին կհանձնարարվի կազմել գործարանի տեխնիկական վերազինման ծրագիր։ Թե ի՞նչ գումարով է մարվել նաիրիտցիների պարտքը՝ այդ հարցի պատասխանն այսօր այդպես էլ չտրվեց։