Ռուբլին կտրուկ անկում է ապրում՝ գրանցելով տարեսկզբի ցուցանիշը
Այսօր՝ օգոստոսի 12-ին ռուսական ռուբլին գրանցել է փոխարժեքի նվազագույն ցուցանիշը վերջին կես տարվա կտրվածքով։ Տարադրամի փոխանակման երեւանյան կետերում այսօր կեսօրին ռուսական ռուբլու փոխարժեքը տատանվում է 7-ից 7,2 դրամի սահմանում։ Մինչդեռ առավոտյան փոխանակման կետերը ռուբլու փոխանակումն իրկանացնում էին միջինում 7,35 դրամով։ ՌԴ Կենտրոնական բանկն արդեն հաստատել է «վաղվա» հաշվարկով ռուսական ազգային արժույթի փոխարժեքն ամերիկյան դոլարի և եվրոյի համեմատ՝ ի վնաս ռուբլու ։ Ամերիկյան դոլարը թանկացել է 1,81, եվրոն՝ 2,53 ռուբլիով։ Այսպիսով՝ եվրոն կրկին գերազանցեց 70 ռուբլու շեմը՝ կազմելով 72,2 ռուբլի։ Նման ցուցանիշ եվրոպական արժույթը վերջին անգամ գրանցել էր ընթացիկ տարվա փետրվարի 24-ին։ Ռուբլու նման կտրուկ անկումը պայմանավորվում է չինական յուանի հերթական դեւալվացիայով։ Այսօր չինական ազգային արժույթը ևս կտրուկ անկում է ապրել՝ երկու օրվա ընթացքում կորցնելով արժեքի գրեթե 4 տոկոսը և հասնելով 2011 թ.-ի օգոստոսի ցուցանիշին։ Ռուսական արժույթի նման տատանման հիմքում նաև համաշխարհային շուկայում նավթի արժեզրկումն է։ Այսօր նավթի Brent տեսակի համար սահմանված արժեքը տատանվել է 48 դոլարի սահմանում։ Նման փոփոխությունը ևս պայմանավորված է չինական շուկայի անկայունությամբ։