Գյուղացիները փակել են ճանապարհը՝ մեղադրելով Վարդան Այվազյանին (տեսանյութ)
Այսօր առավոտից Սամցխե-Ջավախքի Տաբածղուր գյուղում լարված իրավիճակ է։ Գիշերը ոստիկանները դարանակալել են Տաբածղուր լճի շրջակայքում՝ ձուկ որսացողներին ձերբակալելու համար։ Ոստիկանները ձերբակալել էին 3 անձի, սակայն բնակիչները փակել են ճանապարհը եւ ոստիկանները նրանց բաց են թողել։ 4 նավակները, սակայն, այդպես էլ չեն վերադարձրել։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց բնակիչներից մեկը,իր անունը չհրապարակելու պայմանով, իրենք ձկնորսություն չեն կարողանում կատարել իրենց համագյուղացի, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի պատճառով։ Դեռ 2010 թ նրա ընկերությանը արտոնագիր է տրվել, ըստ որի կարող է Տաբածղուր գյուղում առաջնային իրավունքով ձուկ որսալ։ Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի համագյուղացիները դատի էին տվել պատգամավորի ընկերությանը: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել եւ դադարեցնել Տաբածղուր լճում ձկնորսությամբ զբաղվելու Վարդան Այվազյանի հիմնադրած «Լճեր» ընկերության արտոնագիրը եւ իրենց տրամադրել Տաբածղուր լձում ձուկ որսալու առաջնային իրավունքը: Դատարանը վճիռ էր կայացրել Վարդան Այվազյանի օգտին, սակայն գյուղացիները շարունակում են պայքարը լճի համար: Գյուղացիները հիշեցնում են, որ 180 տնտեսություն ունեցող գյուղը ապրուստի այլ միջոց չունի։