Հայաստանը աշխարհի վերջին փակ շուկայի բացվելուց հետո (տեսանյութ)
Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումով կբացվի աշխարհի վերջին փակ շուկան, ինչը Հայաստանի համար տնտեսական նոր հնարավորություններ է ստեղծում։ «Հայ-իրանական բարեկամություն» ՀԿ նախագահ Գարեգին Չուգասզյանի գնահատմամբ՝ Հարավային Կովկասն աստիճանաբար վերականգնում է իր նշանակությունը գերտերությունների համար։ «Հնարավորություն է բացվում, որ Հայաստանի ու Հարավային Կովկասի շուրջ նույնպես համաձայնություններ տեղի ունենան աշխարհաքաղաքական կենտրոնների միջև։ Հարավային Կովկասի՝ որպես տարանցիկ ուղի, կարևորությունը կտրուկ մեծանում է»,- նշում է նա։ Հասկանալու համար, թե պատժամիջոցների վերացումով ինչպիսի երկրի տնտեսության դռներ են բացվում հայաստանցիների համար, Policy forum Armenia հետազոտական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը ուշադրություն է հրավիրում հետևյալ փաստերի վրա։ «Իրանը մի երկիր է, որն ունի Գերմանիայի չափ բնակչություն, տարածքով 2 անգամ մեծ է Թուրքիայից, նավթի և գազի ռեսուրսներով 2-րդն է աշխարհում Ռուսաստանից հետո։ Այդպիսի երկրի բացումը կարող է զգալի ազդեցություն ունենալ»։ Հայաստանը պետք է մտածի ո՛չ միայն իրանական գազի՝ դեպի Եվրոպա փոխադրումից եկամուտներ ստանալու մասին։ Դավիթ Գրիգորյանն ասում է. «Հայաստանը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից և դրա միջոցով դուրս գալ միջազգային շուկա, հակառակ դեպքում դա նմանվելու է մի դեպքի, որտեղ հարևանի տանը խնջույք է ու դու հրավիրված չես»։ Պատժամիջոցների հանելը նման է ձյան հալոցքի, այն դրական հետևանքներ է առաջացնելու Իրանի գրեթե բոլոր հարևանների համար։ Գարեգին Չուգասզյանը Հայաստանի հնարավորություններն ավելի բարձր է գնահատում տնտեսական օգուտներ քաղելու տեսանկյունից՝ հաշվի առնելով Թուրքիայի ներքին լարված իրավիճակը և Ադրբեջանում նավթի գների նվազման բացասական ազդեցությունը։ «Սփյուռքում գտնվող իրանահայության հնարավորությունները օգտագործելով՝ Հայաստանը և հայությունը ունեն մրցակցային առավելություններ»,- կարծում է պարոն Չուգասզյանը։ Բայց ազդեցությունը Հայաստանի վրա դրականորեն կանդրադառնա միայն այն պարագայում, երբ մեր երկիրը կարողանա ապահովել մրցունակ շուկա։