«Տղանե՛ր աջակցեք բոլոր այն ուժերին, ովքեր ընդվզում են իշխանության դեմ». Վ. Ավետիսյան (տեսանյութ)
Այսօր «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնությունը սկսեց անժամկետ նստացույց Ազատության հրապարկում։ Պահանջը՝ անհապաղ ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին և մյուս «քաղբանտարկյալներին»։ Նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանն Ա1+-ի հետ զրույցում նշում է. «Մենք նստացույցը սկսել ենք հետևյալ պատճառով, որ նա անօրինական է հայտնվել կալանավայրում ու պետք է նրան անհապաղ ազատ արձակել»։ Ըստ պարոն Սարուխանյանի՝ իրենք մի կարևոր խնդիր էլ են առաջ քաշում՝ պայքարը վերակազմակերպել. «Վերջին մի քանի ամիսներին տղաների շարքերում մի փոքր ստվերվել է Վոլոդյա Ավետիսյանի խնդիրը։ Այս ակցիան եկել է փաստելու, որ պայքարը Վոլոդյա Ավետիսյանի բռնած ուղու՝ շարունակվում է։ Մեզ են դիմում նաև նոր քաղաքացիներ, սա էլ առիթ է, որ գան, գրանցվեն, գուցե նոր ռազմավարություն մշակվի»։ Գագիկ Սարուխանյանը չի կիսում տեսակետը, թե Վոլոդյա Ավետիսյանի ազատության համար պայքարը դադարել է. «Չկա այդպիսի բան, որ տղաները գործ են սկսում, հետո մեկին կալանավորում են ու բոլորը ցրվում են տներով։ Դեռևս այս հարցը ակտուալ է»։ Նախաձեռնությունը պատրաստ է աջակցել նաև այլ շարժումներին, ովքեր այսօրվա իշխանություններին դեմ են. «Տղաներով դեռ կորոշենք, թե ինչ ձև շարունակենք։ Սոցիալական հարցի բարձրացումն այլևս այդքան ակտուալ չի, որովհետև մենք եկանք այն համոզման, որ սրանք ոչ թե չեն կարողանում, այլ չեն ուզում դա կատարել։ Չեն ուզում և վերջ։ Ընդունեցին երկրապահի մասին օրենք, ինչո՞ւ երկրապահի, բայց ոչ ազատամարտիկի։ Մենք տեսնում ենք, որ ամեն պրոցեսների վրա թքած ունեն»։ Գագիկ Սարուխանյանը զրուցել է Վոլոդյա Ավետիսյանի հետ. «Կրկնում եմ իրա բառերը. Տղանե՛ր աջակցեք բոլոր այն ուժերին, ովքեր ընդվզում են, ովքեր այսօրվա հանցավոր իշխանության դեմ են դուրս գալիս, եթե ո՛չ անմիջական, ապա բարոյական պիտի պաշտպանենք։ Եկել է ժամանակը, որ բոլոր ուժերը, հոսանքները կամ քաղաքական տեսանկյունները դրվի մի կողմ և համախմբման պրոցես գնա»,- նշում է նա։