Մեղվաբուծությունը Հայաստանում անկում է ապրում. մասնագետ (տեսանյութ)
Հայաստանում տարեկան արտադրվում է միջինը 1000 տոննա մեղր։ Յուրաքանչյուր անձի բաժին է հասնում մոտ 300 գրամ, մինչդեռ յուրաքանչյուր մարդ օրական պետք է 70-ից 120 գրամ մեղր օգտագործի։ Մեղվաբույծների ազգային միության նախագահ Թելման Նազարյանը կարծում է, որ վերջին տարիներին մեղվաբուծությունը Հայաստանում անկում է ապրում, ինչը, ըստ նրա, կապված է արտահանման առկա դժվարությունների հետ։ «2013 թվականին Հայաստանում արտադրվել է 2000 տոննա մեղր, այս տարի՝ 1000 տոննա, որը հազիվ է բավարարում Հայաստանի պահանջարկը, սակայն մենք չենք կարողացել որոշակի քանակ գոնե արտահանել Եվրոպական միություն։ Պատճառը այդ միության կողմից դրված բարձր չափանիշներն են, որոնց Հայաստանում արտադրվող մեղրը չի համապատասխանում»։ Ըստ մեղվաբույծի՝ եվրոպական չափանիշներով արգելվում է այդ տարածքի շուկա արտահանել հայաստանյան մեղրը, քանի որ այստեղ բույսերը բուժում են քիմիայով, ինչը վտանգավոր է մեղուների համար. «Մեղուների մոտ այդ պատճառով ուռուցք է առաջանում»,- նշում է պարոն Նազարյանը։ Այս պահին արտահանման հնարավորություն կա դեպի արաբական երկրներ, ԵՏՄ շուկա։ «Վերջերս էլ մեր միությունը դարձավ ԵՏՄ մեղվագործների նախագահող երկրների միության անդամ։ Սա մենք փորձելու ենք օգտագործել՝ այդ ուղղությամբ արտահանման ծավալները մեծացնելու համար»։ Որոշակի քաղաքականություն ունենալու դեպքում մեղրը հնարավոր կլինի օգտագործել նաև բուժական նպատակներով։ Ըստ պարոն Նազարյանի՝ խոսքը գնում է մեղրակաթի մասին։ «1 կիլոգրամ մեղրակաթ ստանալու համար անհրաժեշտ է 1 տոննա մեղր, իհարկե սա շռայլություն է, բայց այդպիսով նաև հնարավոր կլինի բուժել մի շարք հիվանդություններ՝ քաղցկեղ, շաքարախտ և այլն»։