Տան եւ ավտոտնակի քանդման գործընթացը կասեցվել է
Աբովյան փակուղի 5 հասցեում գտնվող Յուլյա Զաքարյանին պատկանող տան եւ ավտոտնակի քանդման գործընթացը կասեցվել է։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ Թե ո՞րն է կասեցման պատճառը, դեռ պարզ չէ։ Հիշեցնենք, որ ԴԱՀԿ աշխատակիցները տանտիրոջը տեղեկացրել էին, որ հուլիսի 27-ին քանդելու են տունը եւ ավտոտնակը։ Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ահազանգում էր՝ տունն ու ավտոտնակը օրինական կառույցներ են, սակայն հարկադիր կատարողը որպես ինքնակամ կառույց ցանկանում էր քանդել դրանք։ Այս գործընթացը սկսվել էր դեռ 1999 թվականից, երբ կառուցապատող Վլադիմիր Մանգասարյանի հետ կնքվել է պայմանագիր՝ տարածքը ազատելու դեպքում հատկացնել 4 բնակարան եւ նույնքան ավտոտնակ, սակայն երբ սկսել են կառուցապատումը, պարզվել է, որ իրեն հատկացված երկու բնակարաններից մեկն այլ անձի սեփականություն է։