Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրանը կարող է նաեւ «Նաիրիտի» վերագործարկման հարցում լավ գործընկեր լինել» (տեսանյութ)

Տնտեսություն
iran

Իրան- վեցնյակ համաձայնագրի հաստատումը լավ հարաբերություններ ստեղծելու փորձ է, կարծում է քաղաքագետ Արամ Մանուկյանը. «Այս օրերին շատ են ասում, որ պատմական է, բայց այն դեռ շատ փխրուն է ու երերուն, այն դեռ փորձաշրջան է անցնում»,- նշում է քաղաքագետը՝ հավելելով, որ այս համաձայնագիրը շահեկան էր բոլոր կողմերի համար: Իրանում քաղաքական ու տնտեսական կայունությունը շահեկան է նաեւ Հայաստանի համար՝ վստահ է Արամ Մանուկյանը. «Իրանը մեր սահմանակից միակ երկիրն է, որի հետ տարաձայնություն չենք ունեցել: Տնտեսական եւ քաղաքական կայունությունը շատ կարեւոր է մեզ համար: Իրանի ազդեցության բարձրացմամբ տարածաշրջանում կթուլանա Թուրքիայի դերը, ինչը նույնպես մեզ համար կարեւոր է»: Իրանը վերականգնելով իր սառեցված հաշիվները՝ կարող է Հայաստանին օգտակար լինել. «Բարենպաստ պայմաններ ստեղծելու դեպքում կարող ենք այդ գումարները բերել Հայաստան՝ ներդրումների տեսքով»: Հայաստանը պետք է այսուհետ նաեւ արտոնություններ տա իրանցի գործարարներին,- համոզված է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը. «Օրինակ 2012 թվականին տնտեսական համագործակցության առումով պիկ է եղել, հիմա էլ պոտենցիալ կա, պետք է վերականգնել ու անգամ գերազանցել այդ տարիներին արձանագրված արտահանման ու ներմուծման թվերը: Նավթարդյունաբերության ոլորտում պետք է աշխատենք, բենզինի հարցն էլ կլուծվի: Կարող է դա Ռուսաստանի համար շահեկան չլինի, բայց մենք պետք է հաղթահարենք այդ խոչընդոտը եւ իրականացնենք Իրանի հետ ծրագրեր»: Տնտեսագետի պնդմամբ՝ Իրանը կարող է նաեւ «Նաիրիտի» վերագործարկման հարցում Հայաստանի համար լավ գործընկեր լինել: «Դա կլինի մեր տնտեսական զարգացման հիմնաքարը»: