Հայաստանի արտահանման 85%-ը կազմել է ալյումինի փայլաթիթեղը (տեսանյութ)
Այսօր Գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց « ՌՈՒՍԱԼ 15 տարի։ Բարեփոխումների ուժը» արդյունաբերական լուսանկարների ցուցահանդեսը։ Ներկայացված լուսանկարների հեղինակը ռուսաստանյան հայտնի ֆոտովարպետ Օլեգ Կորոլյովն է։ «Ցուցահանդեսը կազմակերպված է մասնագիտական տոնին՝ Մետաղագործի օրվան ընդառաջ, և նվիրված է ալյումինի համաշխարհային բնագավառում հայտնի ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերության 15 ամյակին, ընկերություն, որի կազմի մեջ է մտնում Հայաստանի արդյունաբերական արտադրանքի առաջատար արտահանող փայլաթիթեղագլանավորման ԱՐՄԵՆԱԼ գործարանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է ԱՐՄԵՆԱԼ գործարանի մամուլի քարտուղար, ցուցահանդեսի կազմակերպիչ Ալեքսանդր Մելքումյանը։ Վերջինիս խոսքերով՝ արդյունաբերական լուսանկարչության ոճն այնպիսի ոճ է, որն այսօր գնալով մարում է, համենայնդեպս, Հայաստանում այդ ոճի լուսանկարներով շատ քչերն են զբաղվում։ Լուսանկարներում պատկերված են ՌՈՒՍԱԼ-ի կազմի մեջ մտնող Կրասնոյարսկի, Նովոկուզնեցկի, Բրադսկի, Սայանգորսկի և այլ նմանատիպ խոշոր և ժամանակակից գործարանները։ Նշենք, որ մետաղագործի մասնագիտական օրը տոնվում է սկսած 2006թ-ից, յուրաքանչյուր տարվա հուլիս ամսվա երրորդ կիրակին, սակայն ըստ ավանդույթի պետք է տոնել շաբաթվա վերջին աշխատանքային օրը, այսինքն` այս տարի այն կտոնվի հուլիսի 17-ին։ Պարոն Մելքումյանի տեղեկացմամբ՝ նախորդ տարի ԱՐՄԵՆԱԼ գործարանը անցյալ տարի արտադրել է մոտ 30. 000 տոննա ալյումինի փայլաթիթեղ, որն ամբողջությամբ արտահանվել է՝ բերելով 85 միլիոն դոլարից ավել եկամուտ։ «Մենք 30.000 տոննա արտադրում ենք և նպատակ ունենք մինչև 40.000 տոննա ավելացնելու մեր արտադրանքը մոտակա 5 տարվա ընթացքում։ Ըստ անցյալ տարվա մաքսային ծառայության հաշվետվության՝ ամբողջ Հայաստանի արտահանման ծավալի 85 տոկոսը կազմում է ալյումինի փայլաթիթեղը»,-նշեց Մելքումյանը։