Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կհայտնաբերեն պառակտողներին (տեսանյութ)

Հասարակություն
voch-talanin

Ոչ մի պառակտում կամ հակառակ կարծիքներ չեն եղել, ուղղակի մի մասը որոշեց մնալ Բաղրամյան պողոտայում, մյուս մասը գնաց Ազատության հրապարակ` շարունակելու քննարկումները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, որոնք երեկ դադարեցրել են նստացույցը Ազատության հրապարակում եւ միացել Բաղրամյան պողոտայում հավաքվածներին: Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանը նշեց, որ իրենց խմբի անդամ Վաղինակ Շուշանյանի հայտարարությունը Բաղրամյան պողոտայում մասնակի է ընկալվել. «Վաղինակը հայտարարեց, որ մի մասը մնում է պողոտայում, մյուս մասը, որը իր պայքարը չի տեսնում այս պահին Բաղրամյան պողոտայում, գնում է Ազատության հրապարակ»: Ըստ նրա` Վաղինակ Շուշանյանի հայտարարությունը ամբողջությամբ չընկալվեց, քանի որ ինչ-որ մի խումբ, որոնց մինչ օրս չէին տեսել, սկսեց սուլել ու բղավել «ամոթ»: Նախաձեռնության անդամները վստահեցնում են` իրենք հայտնաբերելու է այն մարդկանց, որոնք այս օրերի ընթացքում փորձում էին պառակտում մտցնել Ազատության հրապարակում եւ Բաղրամյան պողոտայում կանգնածների միջեւ: Նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ Բաղրամյան պողոտայում իրենց անընդհատ լինելը բավականին բարդ էր` այլ տեսանկյունից տեսնել շարժումը. «Մենք հասկացանք, որ այլ հարթակում պետք է պայքարը սկսենք` միայն փողոց փակելով մենք արդյունքի չենք հասնի` մեզ պետք են կոնկրետ մասնագետների խորհուրդներ, մեզ պետք էր հասկանալ` այն մանիպուլյացիաները, որ արեց երկրի ղեկավարը, կա՞ կառչելու տեղ, կամ արդյո՞ք սա ուղղակի աբսուրդ էր: Իսկ առանց հանրության օգնության մենք ոչինչ չենք կարող անել»: Սոֆյա Հովսեփյանը կրկին անդրադարձավ պառակտում հասկացողությանը` այն գնահատելով կոպիտ արտահայտություն. «Պառակտում չէ. քայլերի փոփոխությունը ոչ թե պառակտման է տանում, այլ տանելու էր հետագա քայլերի զարգացմանը»: Նախաձեռնությունը այլեւս չի հանդիսանում Բաղրամյան պողոտայում որպես համակարգող խումբ, այլ միայն համագործակցելու է այնտեղ հավաքվածների հետ` որպես սովորական քաղաքացիներ: Ի դեպ, «Ոչ թալանի»-ի անդամ Մաքսիմ Սարգսյանը նաեւ ապատեղեկատվություն համարեց այն, թե իրեն վախեցրել են, որ հետ կանգնի շարժումից. «Եթե ես վախեցող լինեի, չէի մտնի պայքարի մեջ»: Ամբողջ ասուլիսի ժամանակ նախաձեռնության անդամները փորձում էին լրագրողների հարցերից հեռու պահել Վաղինակ Շուշանյանին, որն այդ պահին քիչ հեռվում կանգնած հետեւում էր ասուլիսին: Նրա ընկերները դա պատճառաբանում էին նրանով, որ այս օրերին բոլոր հարցերը հիմնականում ուղղվում էին Վաղինակ Շուշանյանին եւ այդ պատճառով հիմա փորձում են այդ ծանրաբեռնվածությունը նրա վրայից հանել: Ի վերջո, նա եւս պատասխանեց մի քանի հարցի: