Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքեր են խաղադրույք կատարում կամ չհայտարարված խաղատներ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

Հայաստանում այսօր գործում են բազմաթիվ բուքմեյքերական կետեր, որոնց զգալի մասը գտնվում է Երեւանում: Դրանցում, որպես կանոն, փակցված է գրություն. «Մինչեւ 18 տարեկան անձանցից խաղադրույք չի վերցվում»: Սակայն մեր այցելած մոտ 20 կետերում ոչ ոք անչափահասներին չէր արգելում խաղադրույք կատարել: Վերջիններս հիմնականում բուքմեյքերական կետ են այցելում խմբերով, որպեսզի կարողանան գոնե 1000 դրամ խաղադրույք կատարել: «Մարդ ա 300 կամ 400 դրամ իրար վրա դնում ենք, որ մի 1000 – 1500 դրամ «ստավկա» անենք», - պատմում է 8-րդ դասարանցի մի տղա: Անչափահասները հիմնականում ծնողներից թաքուն են խաղադրույք կատարում, իսկ գումար հայթայթում են տարբեր պատճառաբանություններով: Նրանք բոլորը ֆուտբոլի մոլի սիրահարներ են եւ գումար ունենալու դեպքում գնում են խաղադրույք կատարելու. «Լինում է կրում ենք, տենց 5-6 հազար դրամ, բայց ահագին էլ կրվում ենք», - պատմում է մեկ այլ անչափահաս, որը: Կան նաեւ կետեր, որտեղ իրոք խաղադրույք չեն վերցնում անչափահասներից, սակայն տեսնելով թե ինչպես է ոգեւորված խնդրում 15-16 տարեկան պատանին, այնումանայնիվ որոշում են խախտել օրենքը: Բուքմեյքերական կետերի աշխատողներն ու անչափահաս հաճախորդներն արդեն լավ ծանոթներ են եւ այդ հանգամանքն էլթույլ չի տալիս հիշել վերը նշված օրենքի մասին:

Խաղադրույք կատարողների զգալի մասը 18-ից բարձր տարիք ունեն: Նրանց կատարած խաղադրույքը կազմում է 300 դրամից մինչեւ 1000 դոլարից ավելին: «Եթե ասենք 50 հազար դրամ եմ դնում` շատ զգույշ եմ խաղում: 2-3 հազարի դեպքում` ավելի անհոգ», ասում է 32-ամյա մի տղամարդ: «Սկզբում դնում էի հեռուստատեսությամբ ցուցադրվող խաղերը հետքաքրքրությամբ նայելու համար, բայց հետագայում դարձա իսկական խաղամոլ: Ուսանողության մի ստվար հատված նույնպես տարված է սրանով: ԵՊՀ-ից մեկը պատմեց, թե ինչպես իր կուրսեցին պարտվել է վարձի գումարը: «Մի քանի անգամ անհաջող խաղադրույք կատարելուց հետո կուրսեցիս ծնողների տված ուսման գումարը խաղադրույք դրեց, պարտվեց եւ քիչ էր մնում ինստիտուտից դուրս մնար: Ընկերներով օգնեցինք»: Շատերն անհաջողության են մատնվում իրենց ագահության պատճառով. «Ամեն անգամ, երբ գալիս եմ խաղադրույք կատարելու, որոշում եմ 1000 դրամ դնել, որ 5-6 կրեմ, բայց ազարտի մեջ եմ ընկնում ու միշտ կրվում եմ», - պատմում է 23 ամյա մի ուսանող:

Գործազուրկները նույնպես փորձում են այս կերպ գումար վաստակել: Երկու տարի աշխատանք չունեցող մոտ 35 տարեկան մի տղամարդ օրվա մեծ մասը անց է կացնում բուքմեյքերների մոտ. «Սկզբում լավ էլ կպնում էր, բայց հետո ոնց որ նավսած լինի, կրվում եմ: Լավ ա, պարտքերի մեջ չեմ խրվել: Ծանոթ տղերք կան տուն-տեղ ծախեցին ստավկեքի պատճառով»: Տարեցները հնարավորության դեպքում նույնպես այցելում են այստեղ: Նրանցից ոմանք միաբերան դժգոհում էին բուքմեյքերներից եւ ասում. «Բոլոր հանդիպումները ծախված են, ամբողջ աշխարհը ղումար ա խաղում»: Իսկ այդ դեպքում ինչու՞ են նրանք խաղադրույք կատարոււմ: Այս հարցին սպառիչ պատասխան տվեց 67-ամյա մի թոշակառու. «Ամբողջ օրը պարապ ենք: Համ էլ ուզում ենք մի 2 կոպեք կրենք»:

Հայաստանում խաղադրույք կատարողների ճնշող մեծամասնությունը արական սեռի ներկայացուցիչներն են: ործող կետերում մթնոլորտն այնպիսին է, որ ոչ մի աղջիկ կամ կին չի կարող իրեն թույլ տալ մտնել բուքմեյկերական կետ եւ խաղադրույք կատարել: Իրենց խաղալու ծարավը կանայք հագեցնում են ծանոթ կամ բարեկամ տղամարդկանց միջոցով խաղադրույք կատարելով:

Ա. Մարտիրոսյան

Հ.Գ. Մեր տեղեկություններով, Հայաստանում խաղադրույք կատարում են 10-15 հազար հոգի, որոնցից 5-6 հազարը մշտապես խաղացողներ են, իսկ մնացածը ժամանակ առ ժամանակ են այցելում բուքմեյքերական կետեր: