Արեւն ընդդեմ ՀԷՑ-ի
«Հաշվի առնելով, թե ինչքան արեւային ժամեր ունենք մենք ու չենք օգտագործում, դա ուղղակի հանցագործություն է»,-ասում է «Հայաստանի հելոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը։ Հելոֆիկացիան արեւային էներգիայի մասսայական օգտագործումն է. «Գյուղերում մենք ունենք 350.000 տնտեսություն, եթե նրանք բոլորը օգտագործեն մեր մշակած արեւային սարքերը`յուրաքանչյուրը 20 ԿՎ hզորությամբ, արդյունքում՝ կստանանք հայկական ատոմակայանի արտադրության հնգակի չափով լրացուցիչ էներգիա»: Պարոն Համազասպյանը ցավով է նշում, իշխանությունները չեն ուզում նպաստել այս ծրագրի զարգացմանը. «Արեւի ջերմային էներգիան շատ էժան կլինի` 0.3 դրամ ԿՎ/Ժ-ի համար, իսկ նրանք հիմա շատ-շատ ավելի թանկ են ծախում»: Հնարավոր է արդյո՞ք, որ հետոլֆիկացիայի ծրագրի ներդրման արդյունքում, մարդիկ կարողանան ամբողջությամբ հրաժարվել պետության առաջարկած թանկ էլեկտրաէներգիայից՝ «Ա1+»-ի հարցին Վահան Համազասպյանը պատասխանեց. «Ամողջությամբ հրաժարվել չեն կարող, բայց երբ այս ծրագրը կիրառվի ու այլընտրանքային էլեկտրաէներգիա լինի, կվերանա ոլորտի մոնոպոլիզացիան, ՀԷՑ-ը ստիպված կլինի էժանացնել սակագինը»: Գիտնականի հաշվարկներով` գյուղական համայնքներում, արեւային էներգիան կարող է փոխարինել, օգտագործվող էներգիայի 60 տոկոսը, իսկ Երեւանի համար` նա դժվարացավ պատասխանել, քանի-որ քաղաքապետարանը երբեք տարածքներ չի տրամադրել փորձեր անելու համար: Ի դեպ, 20 ԿՎ/Ժ էներգիա արտադրող սարք տեղադրելու համար, գյուղացուն անհրաժեշտ կլինի 2000 դոլար։Պարոն Համազասպյանը վստահ է, եթե նրանք այդ էներգիան օգտագործեն նաեւ արտադրություն կազմակերպելու համար, ապա շատ արագ կվերադարձնեն իրենց գումարը. «Մենք նաեւ մտածում ենք, որ կարող ենք անվճար տրամադրել այդ սարքը, փոխարենը գյուղացին կմասնակցի բիզնեսի զարգացմանը, որը կառաջարկի ներդրողը»: