Ի պատասխան ՀԾԿՀ-ի կամ ինչու պիտի հոսանքը էժան լինի
Երեկ Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարածեց հաղորդագրություն, որով փորձեց օբյեկտիվ պատճառներով հիմնավորել այն հանգամանքը, որ Հայաստանում էլեկտրաէներգիան ամենաթանկն է ամբողջ ԱՊՀ տարածքում, իսկ ամբողջ հետխորհրդային տարածքում սակագնով զիջում է միայն Լիտվային: Կարգավորող հանձնաժողովն անդրադարձավ այն հանգամանքին, որ Ռուսաստանը, Վրաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը ունեն ավելի մեծ հիդրոպոտենցիալ, քան Հայաստանը: Բացի այդ, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը ունեն բնական գազի պաշարներ, իսկ Ռուսաստանն ու Ուկրաինան սուբսիդավորում են էլեկտրաէներգիա բաշխող կազմակերպություններին, ինչն, ըստ ՀԾԿՀ-ի ևս ազդում է այն հանգամանքի վրա, որ այդ երկրներում էլեկտրաէներգիան ավելի էժան է: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել հետևյալը՝ 1. Հայաստանը հետխորհրդային տարածքում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը միջուկային էներգիայի տեսակարար կշռով (զիջելով միայն Ուկրաինային), իսկ այդ էներգիան դասվում է ամենաէժան էներգիաների թվին (Ատոմակայանը 1 կՎտ/ժ-ը վաճառում է ընդամենը 8 դրամով): 2. Հայաստանում արտադրված ջերմային էլեկտրաէներգիայի մեծ մասը պարզապես անվճար է, քանի որ ստացվում է Իրանի հետ բարտեռի միջոցով: Մասնավորապես, Իրանից մատակարարվում է բնական գազ, որից ստացվում է շուրջ 4,6 կՎտ/ժ հոսանք: Այդ ստացված էլեկտրաէներգիայի միայն 3 կՎտ/ժ-ն է վերադարձվում Իրանին, իսկ մնացածը, շուրջ 2-3 դրամ ինքնարժեքով մտնում ներքին ցանցեր: 3. Հայաստանի սահմանին բնական գազի գինը 190 դոլար է 1000 խորհանարդ մետրի համար: Թեև բաժանորդին հասցնելուց այդ գինը զարմանալիորեն շատ ուժեղ աճում է, սակայն, հետխորհրդային երկրներից շատերը գազը գնում են ավելի թանկ և հետևապես այդ երկրներում (Մոլդովա, մերձբալթյան երկրներ) նաև շատ ավելի թանկ է ջերմակայաններով արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը: 4. Թեև կան ետխորհրդային երկրներ, որտեղ իրոք մեծ է հիդրոպոտենցիալը, սակայն այն փոքր չէ նաև Հայաստանում: Մեր երկրում արտադրված էլեկտրաէներգիայի 30 տոկոսը գալիս է ՀԷԿ-երից, որոնց տված կՎտ/ժ-ի միջին սակագինը շուրջ 7 դրամ է: 5. Հայաստանը ստիպված չէ այլ երկրներից էլեկտրաէներգիա գնել, ի տարբերություն հետխորհրդային այլ երկրների, որտեղ, ի հեճուկս այդ հանգամանքի, էլեկտրաէներգիան ավելի էժան է: 6. Հայաստանում բավականին մեծ է բնակչության խտությունը, ինչը համեմատաբար հեշտացնում (էժանացնում) է էլեկտրաէներգիայի բաշխման ու բնակչին հասցման գործառույթը: «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»