Զարդերից մինչև անուշեղեն. հրապարակին կից այգում ցուցահանդես-վաճառք է
Մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանին կից այգում այսօր մեկ տասնյակ ավելի սիրիահայեր ներկայացնում էին իրենց արտադրանքը։ Ցուցադրված էր տարատեսակ զարդերից մինչև սիրիական անուշեղեններ։ Ցուցահանդես-վաճառքը կազմակերպված էր Սփյուռքի նախարարության կողմից։
«Կարմիր խաչը մեզի հեռաձայնեց, որ ցուցահանդես կա, եկանք մասնակցելու։ Սիրիական թխվածքներ են, փոքրիկների համար մարցեպանով պատրաստել եմ։ Բացի այդ, հարսանեկան առիթներուն զարդարանքի համար քաղցրեղեններ են, որը տեսնելով՝ տեղացիները կմոտենան, կհարցնին, թե սա անուշեղե՞ն է։ Կըսենք. այո, փորձեք»,-նշեց Յոլանդ Ռշտունին։
«Խոհանոցի ամեն տեսակ համեմունք ունեմ. զահտար, կարմիր բիբար, շաֆրան, հավի շատ լավ համեմունք, քաբաբի, կարտոշկայի, սալաթի։ Մոտ 40-50 տեսակի ունեմ։ Հրապարակի մետրոյի անցումի տակ խանութ վարձել եմ, կվաճառեմ։ Փառք Աստծո՝ լավ է։ Իմ մոտ կուգան ու կգնեն, 80 տոկոս հաճախորդներս տեղացի են»,-իր հերթին պատմեց Պետրոս Քիրազյանը։
«Մենք երկու սեղանով ենք ներկայացել այսօր. բիժուտերիա, որ ես եմ սարքում և իմ ամուսնու ապրանքը։ Ինքն արծաթով է զբաղվում, Վերնիսաժում կվաճառի։ Այսօր լավ առևտուր կա։ Ունենք կոմպլեկտներ, թևնոցներ, մատանու, խաչերի մեծ տեսականի»,-ասաց Լուսինե Բարսումյանը։