Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարության որոշումը փոխհատուցման մասին անարդյունավետ է լինելու» (տեսանյութ)

Տնտեսություն
melkumyan

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող շարժումը իշխանությունների կողմից պիտի չկասեցվի բռնի մեթոդներով։ Ըստ նրա՝ այս պայքարի կուսակցականացումը միայն կխանգարի դրա արդյունավետ ավարտին։ «Կուսակցականացվելու դեպքում խնդիրը տեղափոխվելու է քաղաքական դաշտ ու այնտեղ դրա լուծումը կորելու է»,- նշում է պատգամավորը։ Միքայել Մելքումյանը դրական է գնահատում, որ երիտասարդները ոտքի են ելել և խնդիրներ են բարձրաձայնում։ «Նրանց առաջադրած խնդիրը մտահոգում է հանրության բոլոր շերտերին ու դրան անպայմանորեն պետք է որոշակի լուծում ստանան։ Մենք ևս քննարկումների փուլ ենք անցել, հանրային քննարկումներ, մասնագիտական քննարկումներ և այլն, սակայն դրանք հարցի լուծման վրա խորը ազդեցություն չունեցան»,- նշում է նա։ Պատգամավորի պնդմամբ՝ Կառավարության կողմից սոցիալապես անապահով խավերին էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով որպես փոխհատուցում տարեկան 24000 դրամ հատկացնելու մասին որոշումը անարդյունավետ է լինելու։ «ՀԷՑ-ի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ստեղծել մի ձևաչափ, որտեղ կբերվեն լուծման հնարավոր տարբերակները և ի վերջո կգտնվի օպտիմալ լուծումը»,- կարծում է պատգամավորը։ «Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ իրականացված բռնությունների համար պատասխանատվության պիտի չենթարկվեն ոստիկանության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Բոլոր այն մարդիկ, ովքեր օրենք են խախտել, պետք է պատասխանատվության ենթարկվեն»։