«Սանիտեք»-ը հետ է պահանջում իր աղբամանները Բաղրամյան պողոտայից
Քիչ առաջ, «Սանիտեք» ընկերությունը, որը կազմակերպում է Երեւանի որոշ վարչական շրջանների աղբահանությունը, խնդրել է ակտիվիստներին՝ հետ վերադարձնել իրենց պատկանող աղբամանները։ Հիշեցնեք, որ էլեկտրաէներգիայի դեմ պայքարող քաղաքացիներն այդ աղբամաններից արգելապատնեշներ էին կառուցել՝ ոստիկանությունից պաշտպանվելու համար։ Ակցիայի մասնակիցները հրաժարվեցին քանդել բարիկադները, բայց փոխհամաձայնության եկան մի հարցում. որոշվեց մոտ 20 աղբարկղ հետ վերադարձնել, որոնք ոչ թե փողոցում են դրված, այլ՝ հարակից մայթերում։ «Սանիտեք»-ի աշխատակիցներն առաջարկում են աղբամանների փոխարեն բեռնատար ավտոմեքենաներ տրամադրել՝ բարիկադներ ստեղծելու համար։ Ընկերության ներկայացուցիչը պնդում է, որ փոքր կենտրոնում աղբահանության խնդիր կա։ Քաղաքացիների անվտանգության համար նրանք խոստացան անգամ իջեցնել տրամադրվող ավտոմեքենաների անվադողերը եւ բանալիները հանձնել ցուցարարներին։ Բեռնատարների գալուն պես՝ փոփոխության հարցը կդրվի քվեարկության։