Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւանա լիճը գրա՞վ է դրված. նախարարությունն եւ ՀԲ-ն հերքում են (տեսանյութ)

Հասարակություն
sevan

Բնապահպան Սիլվա Ադամյանը Սևանում բնակվող մի, իր խոսքով՝ կարևոր անձից, տեղեկություն է ստացել, թե Սևանա լիճը գրավադրված է։ «Փաստեր չկան, բայց նա վստահելի մարդ է, ու եթե ասում է, ուրեմն՝ մի բան կա»,- շեշտեց նա։ Տեղյակ է, որ ներկայում Սևանում բոլորն այս մասին են խոսում։ Մարդիկ տեսել են նաև, թե ինչպես են ուղղաթիռներից նկարահանում տարածքը։ Տիկին Ադամյանը նշեց, որ Համաշխարհային բանկը՝ պարտքերի դիմաց, երևի թե նման որոշում է կայացրել։ «Այդ նույն համաշխարհային բանկն, ասում են՝ այդ պատճառով Բուլղարիայից մեծ տարածքներ է վերցրել»։ Բնապահպանը որոշել է հետամուտ լինել այս խնդրին, կատարել ուսումնասիրություն՝ պարզելու, թե արդյո՞ք սա իսկապես իրականություն է։ Տիկին Ադամյանը շեշտեց նաև, որ վերջին շրջանում շատ է շահարկվում այն հարցը, թե լճում ոսկի կա։ Նա վստահեցնում է, որ դա միֆ է։ Առիթը բաց չթողնելով նա հիշեցրեց նաև, որ Սևանա լիճը խնդիրներ շատ ունի։ «Ամեն տարի մեծ քանակով ջուր է բաց թողնվում լիճ, ինչի մասին բնապահպանները տեղյակ չեն։ Այն ժամանակվա Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ էինք գնացել՝ այս խնդրով։ Հետո նրան տարան Ջրային կոմիտե, հիմա էլ այնտեղ իրեն ինչ թելադրում են, այդ անում է»։ Բնապահպանը շեշտեց նաև արհեստական ձկնաբուծարանների խնդրի մասին։ «Սևանում չի կարելի նման ձկնաբուծարան ունենալ։ Ձուկն անհրաժեշտ է, բայց ոչ արհեստական բազմացմամբ»։ Տիկին Ադամյանն ասուլիսին ուշացումով էր եկել, եւ ասաց, որ իրեն «Ջիպ» մակնիշի մի մեքենա ցանկանում էր վրաերթի ենթարկել, սպանել։ «Ես այդտեղ մենակ էի։ Լավ է, ինձ ոչինչ չպատահեց։ Այսքան խնդիրների մասին խոսել եմ, բայց նման բան ինձ հետ երբեք չի եղել, հենց Սևանի այս խնդրին անդրադարձա, նման դեպք եղավ»,-եզրափակեց նա։ ՀՀ բնապահպանության նախարարությունն արձագանքել է բնապահպանի հայտարարությանը. «Սևանա լճի գրավադրման մասին մամուլում շրջանառվող լուրերի առիթով ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Սևանը մեր Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն և պաշտպանված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով»: «Ա1+»-ի հետ զրույցում լուրը հերքեց նաեւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակը։