Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Աշոտյանը խորհուրդ է տալիս ընտրել դիպլոմավորված վարսավիր (տեսանյութ)

Հասարակություն
ashotyan3

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր   47 անձանց հանձնեց նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրեր, որոնք անցել են որակավորման քննություն։ Պարոն Աշոտյանը հիշեցրեց, որ այսօր հանրապետությունում գործում են 100-ից ավելի նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։ «Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ այս ոլորտը մի տեսակ եղել է խորթ եղբոր կարգավիճակում բարձրագույն կրթության եւ դպրոցական համակարգի կողքին»,- նշեց նախարարը։ Նրա խոսքերով՝ վերջին տարիների ընթացքում, սակայն, հետաքրքրությունը մեծացել է։ «Վերականգնվում է նաեւ ի շնորհիվ նրա, որ մենք վերացրել ենք ընդունելության քննությունները՝ բացառությամբ նեղ մասնագիտական քոլեջների եւ ուսումնարանների։ Երկրորդ պատճառն այն է, որ պետությունը ավելացրել է պետպատվերը։ Ունենք անվճար կրթության շատ մեծ հնարավորություն»։ Նա երիտասարդներին, որոնք ավարտում են 9-րդ եւ 12-րդ դասարանը, առաջարկեց կրթություն ստանալ նախնական կամ միջին մասնագիտական ծրագրերով։ «Այստեղ չկան քննություններ, այստեղ շատ է պետական պատվերը, սիրելի երիտասարդներ, շարունակեք դիմել քոլեջներ եւ ուսումնարաններ, ստացեք անվճար կրթություն եւ անցեք աշխատաշուկայում ձեր աշխատանքին»,- ասաց Արմեն Աշոտյանը։ Իսկ այն հանգամանքը, որ շատ շրջանավարտներ այդ դիպլոմներով չեն կարողանում աշխատանք գտնել՝ նշեց. «Դուք բոլորդ վարսավիրներ ունեք, ես չունեմ, դուք ունեք, երբեւէ գնացե՞լ եք ձեր վարսավիրի դիպլոմը ստուգելու, չէ։ Մտածել եք՝ լավ մասնագետ է, գնացել եք մոտը, երբեւէ մտքով չի անցել ստուգել դիպլոմավորված վարսահարդար է, թե չէ»,- ասաց նախարարը։ Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ այսօր մասնագետների պակաս ունենք ՏՏ ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում, իսկ կադրերի գերարտադրություն կա առողջապահության, տնտեսագիտական մասնագիտությունների գծով։