Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ վարչապետը դիմավորել է Արցախ ժամանած շուրջ 200 ընտանիքների

Հասարակություն
լղհ2

Հունիսի 20-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այցելել է Շահումյանի շրջան և դիմավորել Վարդենիս-Մարտակերտ մայրուղով Ռուսաստանից, Ուկրաինայից և Հայաստանի Հանրապետությունից՝ ամառային հանգիստն անցկացնելու նպատակով Արցախ ժամանած ավելի քան 200 ընտանիքի: Նախաձեռնությունը պատկանում է  «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանին, ով գլխավորում էր հայրենադարձ ընտանիքների պատվիրակությունը: Վարչապետ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, հատուկ շնորհակալություն է հայտնել «Արցախ» հայրենակցական միությանը՝ ի դեմս նախագահ Վարուժան Գրիգորյանի, նման նախաձեռնության համար: Ա. Հարությունյանը նշել է, որ այն մեծ նշանակություն ունի Արցախի ու ծագումով արցախցիների համար: Վարչապետն ընդգծել է, որ նախաձեռնությունն ունի նաև տնտեսական բաղադրիչ, սակայն ամենակարևորն արցախցիներին իրենց պատմական հայրենիքի հետ կապելն է: «Մենք շնորհակալ ենք, որ մեր հայրենակիցներն արձագանքել են այստեղ հանգստանալու կոչին, և համոզված ենք, որ սա շարունակական է լինելու»,- ասել է  Ա. Հարությունյանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ հանգստի նպատակով Արցախ ժամանածների մեջ լինելու են մարդիկ, ովքեր, տարիներ առաջ թողնելով Արցախը, հայրենիք վերադառնալու ցանկություն կունենան: «Ես համոզված եմ, որ այն կյանքը, որ դուք ունեք օտար ափերում, ավելի լավը չէ, քան հայրենի հողում: Վստահ եմ, որ մենք տեսնելու ենք ընտանիքներ, որոնք ժամանակի ընթացքում վերադառնալու և հաստատվելու են Արցախում»,- եզրափակել է վարչապետը: Իր հերթին «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանը, ողջունելով ավտոերթի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով վարչապետ Հարությունյանին ջերմ ընդունելության համար, ասել է. «Ես շատ ուրախ և ոգևորված եմ, որ այսքան մարդ է արձագանքել մեր առաջին կոչին: Իսկապես, սա հայրենասիրական մեծ քայլ է, և կարծում եմ՝ ամեն մի հայ պետք է գոնե մեկշաբաթյա հանգիստ անցկացնի իր հայրենի հողում»: Վ. Գրիգորյանը խոստացել է, որ նախաձեռնությունը շարունակական է լինելու:   ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին