Չպետք է ցնցումների տանել քաղաքացիներին. օրենք, որ բոլորի կողմից ընդունելի չէ (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստի սկզբում այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նիստերը արտահերթության կարգով կշարունակվեն երկուշաբթի, քանի որ դիմացը շաբաթ-կիրակի է: ԱԺ-ն այսօր հետաձգեց Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի երկրորդ ընթերցման քվեարկությունը մինչ երկուշաբթի: Մյուս քննարկված նախագծերի քվեարկությանն այսօր եւս ՀՀԿ պատգամավորները մեկը մյուսի փոխարեն քվեարկեցին: «Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունների քվեարկությունից առաջ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք դեմ են, քանի որ այս լարված իրավիճակում չպետք է ցնցումների տանել քաղաքացիներին: «Մենք էլ ենք այդպես գտնում, սակայն երեկ հայտարարեցի, որ կառավարության հետ պայմանավորվել ենք»,-հայտարարեց Գալուստ Սահակյանը: Իսկ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ չի կարելի թողնել, որ այս նախագիծը հասնի երկրորդ ընթերցում. «Այն կործանարար է»: «Ոչինչ էլ կործանարար չէ»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կարծիքով՝ սա աննախադեպ նախագիծ է. «Երբ մի օրենք, որ բոլորի կողմից ընդունելի չէ, եկեք թողնենք դրա քվեարկությունը առաջին ընթերցմամբ, որպեսզի տեղի ունենա մասնագիտական քննարկում»: ՕԵԿ-ը քսան րոպե ընդմիջում պահանջեց՝ քննարկելու համար: «Ձեր հերոսական առաջարկն ընդունում եմ»,- ասաց Գալուստ Սահակյանը: