Արամ Մանուկյանին հարվածողը դատապարտվեց մեկամսյա կալանքի
Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանն այսօր դատապարտվեց մեկամսյա կալանքի։ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Արշակ Սվազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվեց անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Գործով մեղադրող Գագիկ Մարգարյանը միջնորդել էր Արշակ Սվազյանին դատապարտել երկամսյա կալանքի։ Դատավճռի հրապարակմանը Արամ Մանուկյանը եւ նրա ներկայացուցիչը ներկա չէին։ Դատավճիռը կբողոքարկվի, թե ոչ՝ դեռ պարզ չէ։ Արշակ Սվազյանը մեղադրվում էր դիտավորությամբ Արամ Մանուկյանին մարմնական վնասվածք պատճառելու մեջ։ Հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 11-ին`ժամը 20:25-ին, ահազանգ էր ստացվել, որ իր շենքի շքամուտքում բռնության է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը։Արշակ Սվազյանը իր քայլը մեկնաբանել էր նրանով, որ Արամ Մանուկյանը հայհոյել էր Սերժ Սարգսյանին։