«Լիչնայա նեպրիյազն» ունեք ռուսական ամեն ինչի նկատմամբ» (տեսանյութ)
Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագիրն այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը մինչ ամբիոնին մոտենալը երկար զրուցում էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համառորեն կոչ էր անում նրան՝ մոտենալ ամբիոնին. «Պարոն Գալստյան, եթե ձեզ հետ չեք բերել առաջարկությունները, բանավոր որքան կարող եք՝ հիշեք ու ներկայացրեք»: Սակայն Արեգ Գալստյանը նշեց, որ գրավոր առաջարկություններ չեն եղել, եւ հետեւաբար պատգամավորները չեն կարող հարցեր ուղղել: Մտքերի փոխանակման ժամանակ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա իր ելույթում հիմնականում խոսեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից ու չարաշահումներից: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց նրան եւ մյուս պատգամավորներին՝ բացառապես խոսել քննարկվող թեմայից. «Պարոն Ուրիխանյան, պատգամավորական համերաշխությունից ելնելով չանջատեցի ձեր խոսափողը: Այլ թեմաներից խոսելու համար կարող եք մամուլի ասուլիսով հանդես գալ: Հակառակ դեպքում մենք արտահերթը այսպիսով չենք ավարտի»: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ այս ծրագիրն իրականացվում է առանց տեղի համայնքի հետ լսումներ անցկացնելու. «Երկու փակված պոչամբար նորից բացվի ու տրվի անհայտ մի կազմակերպության՝ վերամշակման: Այս կասկածելի ծրագիրը, այն էլ օրենքի ընդունման տեսքով, ոչ միայն լուրջ չէ, այլեւ շատ ամոթ է, այն ռուսական ծագումով կապիտալ ունի»: Ի դեպ, պոչամբարների վերամշակումն իրականացնելու է «Ալյոտիգ» ՍՊԸ-ն: Տիկին Փոստանջյանի խոսքերով՝ այս ընկերության բաժնետերերի անունները կապված են մի շարք հանցագործությունների, մասնավորապես՝ սպանությունների հետ. «ՀՀ-ն գոյություն չունի, ՀՀ-ն այլեւս ինչ-որ մի կազմակերպություն է, եւ հիմա՝ ՀՀ անունից իրավունքներ է տրամադրվում ինչ-որ կազմակերպությունների, որոնք չգիտես ինչով են զբաղվելու: Կոչ եմ անում՝ հետ տանել այս օրենքը, լուրջ վերաբերվել մեր պետական ինստիտուտներին. հասկանում եմ, որ մենք դեռ պետություն չենք դարձել, սակայն ամեն մի քայլով ավելի ենք դա խորացնում: Խոսքս հղում եմ ընդդիմադիր այն գործընկերներին, որոնք դեմ խոսեցին այս նախագծին, հետո կողմ քվեարկեցին: Ամոթ է»: Նրա խոսքն ուղղված էր ԲՀԿ խմբակցությանը: «Տիկին Փոստանջյան, ձեր խոսքերն ինձ հիշեցնում են «Միմինո» ֆիմը եւ այն հայտնի արտահայտությունը՝ «ու մենյա լիչնայա նեպրիյազն»: Հիմա դուք «լիչնի նեպրիյազն» ունեք ռուսական ամեն ինչի նկատմամբ»,- կատակեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Իր ելույթում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի դիտողություններին. «Սիրելի տիկին Փոստանջյան ջան, ես հպարտ եմ, որ ՀՀ քաղաքացի եմ ու հարգում եմ իմ պետությունը: Թող ձեզ չթվա, որ ամեն անգամ կարող եք այս ամբիոնից խոսել: Եվ, ի վերջո, միլիոնները հազարներից տարբերեք: Դա շատ լուրջ խնդիր է: ՀՀ շահը հաշվի առնենք: Ընդունում եմ, որ էկոլոգիական լուրջ խնդիր կա, սակայն դա պետք է օրենսդրական մեխանիզմներով չեզոքացնենք»: Տիկին Փոստանջյանին նույն սիրալիր խոսքերով դիմեց նաեւ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը. «Սիրելի տիկին Փոստանջյան ջան, որեւէ վտանգավոր բան չկա: Մի քիչ էլ քիչ կարդացեք էս յան-էն յան գրածները»: