«Ադրբեջանը կխայտառակվի, եթե հարձակվի հայերի վրա» (տեսանյութ)
Ադրբեջանը հսկայական գումարներ է վճարել Եվրոպական 1-ին մարզական խաղերը Բաքվում անցկացնելու համար։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ նման պարագայում որևէ այլ գործոն միջազգային կառույցների համար դերակատարություն չի ունեցել։ «Գումարները միշտ էլ մեծ դեր են խաղում , և դա է պատճառը, որ շատ հաճախ այդ որոշումները կայացվում են հաշվի առնելով տվյալ երկրի ֆինանսական հնարավորությունները։ Եթե մենք խնդրին նայում ենք մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ապա այո, ակնհայտ է, որ Ադրբեջանի հարցում մեծ հարցականներ պետք է ծագած լինեին, սակայն գաղտնիք չէ, որ և ՖԻՖԱ-ում և Օլիմպիական կոմիտեում, նաև այլ գործոններ են աշխատում, որը կոչվում է կոռուպցիա»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է Ստեփան Գրիգորյանը, միևնույն ժամանակ համոզմունք հայտնելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում մարդու իրավունքների խախտման դեպքերի այսօրվա մասշտաբը, եթե լիներ այն ժամանակ, ապա Ադրբեջանը ոչ մի դեպքում չէր անցնի՝ նույնիսկ այդքան փող տրամադրելով։ Հայ մարզիկների մասնակցությունն այդ խաղերին քաղաքագետը դրական է գնահատում։ Նրա կարծիքով՝ սպորտային կամ մշակութային միջոցառումների ժամանակ հայ-ադրբեջանական շփումները մասամբ կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը։ «Մեր և Ադրբեջանի կառավարությունների միջև վստահություն չկա, ղեկավարությունների միջև վստահություն չկա , լարված են հարաբերությունները, ինչը շատ հասկանալի է՝ Ղարաբաղյան հարցն այդքան հեշտ չի կարող լուծվել և պարզ է, որ սպորտը, մշակույթը, հասարակական գործունեությունը այն դաշտերն են, որտեղ կարելի է հարաբերությունները մի փոքր մեղմացնել։ Այդ տեսանկյունից ես չեմ բացառում, որ մեր մարզիկների գնալը Բաքու ճիշտ էր»,-ասաց քաղաքագետը։ Բանախոսից, ըստ այդմ հետաքրքրվեցինք, արդյոք ադրբեջանական հասարակության իրավագիտակցության մակարդակն այնպիսին է, որ կարողանա տարանջատել սպորտային կամ մշակութային հարցերը քաղաքական խնդիրներից. «Ոչ, ես չեմ կարծում, որ նրանք այդպես հստակ տարանջատում են մեկը մյուսի հետ կապ չունեցող գործոնները։ Նրանց քաղաքական գիտակցության մակարդակը այդպիսին չէ։ Սակայն, այնուամենայնիվ, հայերի հայտնվելը այնտեղ, նրանց շփումը ադրբեջանցիների հետ , որը չենք կարող բացառել, դա բերում է իմիջի փոփոխության։ Ամեն օր ադրբեջանցիները իրենց հեռուստատեսություններով լսում են, որ հայերը իրենց թշնամին են, հայը իրենց սպանում է , իրենց տարածքներն է վերցրել և այլն, բայց հիմա նրանք տեսնում են նորմալ մարդկանց՝ ոչ այնպիսիններին ինչպես ներկայացնում են հայերին, նորմալ շփվում են նրանց հետ, և դա մարդկանց մոտ փոփոխության է հանգեցնում»,-շեշտեց քաղաքագետը։ Վերջինս այս համատեքստում հավանական չի համարում հայկական պատվիրակության անդամների վրա հարձակման կամ ֆիզիկական բռնությունների փորձը ՝ադրբեջանցիների կողմից, նշելով, որ այդ դեպքում Ադրբեջանը կխայտառակվի։