Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայ մարզիկներին չկացնահարելը խաղաղասիրություն չէ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sport-baku-14.11.

Ադրբեջանը չի կարող Բաքվի եվրոպական օլիմպիական խաղերն օգտագործել խաղաղասերի դեմքով հանդես գալու համար։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է. «Խաղաղասեր լինելը... Այսինքն, սա ցույց է տալիս, որ պարզապես չեն անում այն, ինչի համար ամբողջ աշխարհը կարող է իրենց դրա համար նախատել, որովհետեւ ի վերջո օլիմպիադա է կազմակերպում»։ Արմեն Ռուստամյանը ճիշտ է համարում հայ մարզիկների Բաքու գնալը։ Ադրբեջանը հիմա չի կարող նրանց հանդեպ վերաբերմունքով իրեն խոցելի դրության մեջ դնել։ Սակայն դա Ադրբեջանին չի ազատում սեւ ցուցակներ ունենալու եւ հայերի հանդեպ վերաբերմունքի պատասխանատվությունից. «Ոչ թե Հայաստանի քաղաքացի, այլ ծագումով հայ էլ լինի, էնտեղից վտարում են»։ Էդուարդ Շարմազանովը չի կասկածում, որ Ադրբեջանին չի հաջողվի աշխարհին խաբել իր խաղաղասիրությամբ, այնտեղ խոսքի ազատություն չկա եւ բռնանում են քաղաքացիական հասարակության վրա. «Կա երկու Ադրբեջան՝ մի Ադրբեջան, որը սիրուն, գեղեցիկ փաթեթավորված է օլիմպիական խաղերով եւ երկրորդ իրական Ադրբեջանը, որտեղ կան բազում բռնություններ»։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով մեր մարզիկների համար կրկնակի դժվար կլինի Ադրբեջանում պայքարել բարձր տեղերի համար. «Ոչ թե պետք է կարողանան հաղթահարել զուտ մարզական պրոֆեսիոնալիզմը եւ իրենց առավելությունը մյուս մարզիկների նկատմամբ, որպեսզի առավելության հասնեն, այլեւ պետք է կարողանան հաղթահարել բարոյահոգեբանական մթնոլորտը»։ Մեր մարզիկներն անկաշկանդ չեն կարող դուրս գալ մրցումների։ Եվ թերեւս դրանով էլ կարելի է բացատրել այն, որ մերոնք լուրջ նվաճումների դեռեւս չեն հասել Բաքվում։ Այնուամենայնիվ, Բաքու գնալու որոշումն, ըստ Արտակ Զաքարյանի ճիշտ էր. «Մենք հավատարիմ ենք այն մոտեցմանը, որ անկախ բանակցային գործընթացից, մենք պետք է պատրաստ լինենք եւ մեր ժողովուրդներին պատրաստենք խաղաղությանը եւ ոչ թե պատերազմին»։ Ցավոք, Ադրբեջանը հատկապես վերջին երկու տարիներին չի մասնակցում Հայաստանում տեղի ունեցող միջոցառումներին՝ մերժելով բոլոր հրավերները, սակայն ըստ պարոն Զաքարյանի, մենք պետք է մասնակցենք նրանց միջոցառումներին. «Մենք որպես ավելի ինքնավստահ կողմ եւ ավելի կառուցողական եւ հաստատակամ կողմ, բոլոր առիթները պետք է օգտագործենք եւ մասնակցություն ցուցաբերենք»։ Պարոն Զաքարյանը համաձայն չէ, որ օլիմպիադան ձեռնարկելով Ադրբեջանն աշխարհին ցույց է տալիս իր խաղաղասիրական ձգտումները, դրանք պետք է ցույց տալ սահմանի շփման գծում լարվածությունը թուլացնելով, ինքնորոշման իրավունքն ընդունելով եւ հակահայկական քարոզչությունը դադարեցնելով. «Թե չէ ընդունել մարզիկներին եւ նրանց չկացնահարելը չի նշանակում խաղաղասիրական դրսեւորումներ ցույց տալ»։