Կլոունադային վերջ տվեք. Անի Զախարյանը՝ Ռոբերտ Նազարյանին
ՀԾԿՀ նիստը մի պահ վերածվեց զավեշտի: Ելույթ ունեցավ «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը, ապա՝ «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցության նախագահ Աշոտ Պողոսյանը: Ի դեպ, այս երկու կուսակցությունն էլ ներառված են ՕԵԿ նախաձեռնած «Հայկական վերածնունդ» միավորման մեջ: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նրան կոչ արեց՝ բարձր ձայնով ելույթ ունենալ: «Դուք մի անհանգստացեք՝ ես այնպիսի ազդեցիկ ձայն ունեմ, որ սառույցն անգամ կհալվի»,- արձագանքեց Աշոտ Պողոսյանը: «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, որը պարբերաբար վիճաբանության մեջ էր մտնում ներկաների հետ, կոչ արեց Ռոբերտ Նազարյանին. «Սա ի՞նչ խեղկատակություն է, ձեզ անարգում են ձեր նիստի ժամանակ: Կլոունադային վերջ տվեք»: «Տիկին Զախարյան, ձեզ կարգի հրավիրեք, դուք բոլորին վիրավորում եք: Մարդ չի կարողանում իր էրեխեքին դաստիարակի, ես ոնց կարող եմ այսքանին դաստիարակեմ: Մեզ համար էլ հաճելի չէ սակագնի մեկ լումայի բարձրացումը: Խնդրում եմ՝ դուրս եկեք դահլիճից, դուք բոլորի հետ վիճում եք, վիրավորում, դուրս եկեք: Դեսպոտությամբ տառապե՞նք: Անհարմար է, չէ»: Զավեշտալի իրավիճակի պակաս չեղավ հանձնաժողովի նիստին: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր հերթին վիճաբանության մեջ մտավ ՀԾԿՀ անդամներից մեկի հետ. «Անունն ինչ ուզում եք դրեք, ժողովրդին միայն ազատեք այս գործընթացից: Եթե այս տանիքի ներքո հավաքվել ենք, սա չի նշանակում, որ ձերն է, սա ժողովրդինն է»: «Գնացեք ԱԺ ու կիմանաք՝ ինչ գործընթացից պետք է ազատվել»,- եղավ Հովհաննես Մարգարյանի վրդովմունքի արձագանքը ՀԾԿՀ անդամի կողմից: