Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կունենանք թռիչքներ՝ էգեյան ուղղությամբ

Տնտեսություն
209c0e682b33055c1a6ee20add1f2ef7

ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Ավիացիայի մասին» օրենքով նախատեսված փոփոխությունների նախագծի քննարկմանը ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, հարց ուղղելով Էկոնոմիկայի նախարարին, հայտարարեց, որ բաց երկնքի քաղաքականությունն այդպես էլ իրականություն չդարձավ, որի արդյունքում պիտի գների ու որակի էական փոփոխություն լիներ. «Օգոստոսից հանվելու է նաեւ Աբուդաբիի չվերթը: Եթե շահավետ լիներ ՀՀ-ում գործունեությունը, ապա չեխական ավիաընկերությունները կմնային, ու նոր սեփականատիրոջ հանգամանքը որեւէ կերպ ազդեցություն չէր ունենա»: Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ որեւէ ավիաընկերության բացել-փակելը զուտ կոմերցիոն գործողություն է. «Իսկ շուտով ավելացնելու ենք Լիբանանյան ուղղությամբ թռիչքներ՝ էգեյան ուղղությամբ: Ինչ վերաբերում է ավիավառելիքի գների իջեցման հետ տոմսերի իջեցման հանգամանքին, ապա դրանք շուկայական հարաբերություններ են ու տարբեր ընկերությունների միջեւ մրցակցություն, որտեղ պետությունն անելիք չունի»: Խաչատուր Քոքոբելյանը համամիտ էր նրա հետ՝ պետությունը իսկապես չի կարող միջամտություն ունենալ, սակայն նա պետք է ստեղծի ազատ մրցակցության դաշտ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցը եւս վերաբերում էր ավիատոմսերին. «Գիտեք, որ ես Լոռիից եմ, Ալավերդիից, ու գիտեմ, որ տեղաբնակները թռիչքներ ավելի շատ իրականացնում են Թբիլիսիից ոչ միայն այն պատճառով, որ ավելի մոտ է, այլեւ անհամեմատ ավելի էժան է: Իսկ միգուցե ոչ որակյալ ծառայությունների դիմաց ավելի էժան ավիատոմսեր վաճառվեն, օրինակ՝ Գյումրիի օդանավակայանը: Բացի այդ, ուզում եմ իմանալ՝ ազգային փոխադրող ունենալու հնարավորություն կա՞ արդյոք»: Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ կան ընկերություններ, որոնց հետ բանակցում են, որ Գյումրիից թռիչքներ իրականացնեն. «Առավելագույնն արվում է. ինչ կստացվի՝ բանակցություններից կերեւա: Ինչ վերաբերում է ազգային փոխադրողին, ապա ցանկացած ընկերություն, որ նախաձեռնող կլինի, ՀՀ-ն իր պետական մարմիններով կաջակցի»: Կես ժամանոց ընդմիջումից հետո ԱԺ նիստերի դահլիճը կիսադատարկ էր: «Մնացին մենաշահագրգիռները»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Հերթապահ հարցերը տվեցին ու գնացին»,- արձագանքեց Էկոնոմիկայի նախարարը: