Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընկերությունը դե յուրե սնանկ է, դե ֆակտո՝ միլիարդատեր. Ն. Զոհրաբյանի հարցը (տեսանյութ)

Տնտեսություն
MMGmNVokHN8

ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում սկսեց քննարկել «Ավիացիայի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները: Ինչպես ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ 2013թ. հոկտեմբերից կառավարության որդեգրած «Բաց երկնքի» շրջանակներում արված բարեփոխումներ են. «Փոփոխություններով նախատեսվում է լիազորությունների վերաբաշխում ոլորտը կարգավորող մարմինների մեջ, մասնավորապես առանձնացնել տեխնիկական կարգավորումը: Արդիականացվում է նաեւ առեւտրային օդային հաղորդակցման ոլորտը՝ տրամադրելով հավաստագրում եւ թույլտվություններ: Այս ամենի հիմքում դրվում է պետական եւ մասնավոր հատվածի համագործակցության սկզբունքը: Կիրառվելու է միջազգային լավագույն փորձը ու կլինի ներդրումների որոշակի աճ»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր հարցը չի առնչվում քննարկվող նախագծին, այլ հանրային հնչեղություն ունեցող խնդիրներին է վերաբերում. «Հարցերից մեկը վերաբերում է օդաչուների աշխատավարձերին, որոնք չեն վճարվել՝ «Արմավիա» ընկերության սնանկ ճանաչվելուց հետո, թեեւ ընկերության սեփականատերը շարունակում է ապրել որպես միլիարդատեր: Մյուս հարցս վերաբերում է ավիատոմսերին, որոնց գինն աճում է պրոգրեսիվ ձեւով: Աշխարհում ամենաթանկ գները մեզ մոտ են: Ո՞ր օրենքով է դա կարգավորվելու, թե՞ բարոյական տեսանկյունով: Ինչո՞ւ պիտի այդպես լինի՝ ընկերությունը դե յուրե սնանկ է, դե ֆակտո՝ միլիարդատեր՝ օդից տասը հազար դրամները գրպանած»: Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ սնանկացումը արել են համապատասխան մարմինները, որը պետք է ՀՀ օրենսդրությամբ եղած լիներ. «Կանխորոշելով, որ ԱԺ-ում քննարկվելու է նաեւ ավիատոմսերի հարցը, ուզում եմ պատգամավորներին ծանոթացնել վիճակագրությանը՝ անցած տարվա համեմատ ուղեւորահոսքը 2 տոկոսից ավելի աճել է՝ անցնելով երկու միլիոնը, մեկ ու կես տոկոսով նվազել են ավիատոմսերի գները: Այս տարվա տվյալներով՝ ավիատոմսերի գները նվազել են տասներեք տոկոսով, իսկ վեց տոկոսով՝ ուղեւորահոսքը: Սա վիճակագրություն է, որի հետ հնարավոր չէ հաշի չնստել»: Նախարարը նաեւ նշեց, որ այսօր ՀՀ-ով թռիչքներ իրականացնում է քսանչորս ավիաընկերություն, որից միայն ութն է ռուսական. «Կան իհարկե, ծանրաբեռնված ուղղություններ: Չեխական ավիաընկերությունների չվերթները դադարեցվեցին ՀՀ-ում, սակայն պայմանավորված չէր մեր երկրի հետ, այլ խնդիրը կապված էր նոր սեփականատիրոջ հետ: Հիմա ինտենսիվ բանակցություններ են ընթանում, որ նրանք կրկին վերադառնան եւ ավելին՝ իրականացնեն ցերեկային ժամերին թռիչքներ»: Ինչ վերաբերում է օդաչուների իրավունքներին, նրանց չվճարված աշխատավարձերին, ապա պարոն Ճշմարիտյանը նշեց, որ այդ հարցը չի վերաբերում օրենքին, սակայն այն կներկայացնի կառավարությանը: Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ ասելով, որի օդաչուների խնդրին պետք է անդրադառնալ՝ անգամ լսումներ անցկացնելով, իսկ ինչ վերաբերում է բաց երկնքի քաղաքականությանը, ապա. «Մենք մեր երկինքը բացեցինք ու փակեցինք, սակայն դրանից բան չփոխվեց: Վիճակագրական ծառայությանը խորհուրդ կտամ ճշտել, թե քաղաքացիների քանի տոկոսն է թռնում Վրաստանից, քանի տոկոսը՝ ՀՀ-ից: Խիստ կասկածելի են վիճակագրական ծառայության այդ տվյալները, կամ էլ ինձ են տարեցտարի պատահում խիստ թանկացող տոմսեր»: