Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բիբինին ոչ թե պետք է հրավիրեին ԱԺ, այլ բերման ենթարկեին դատախազություն» (տեսանյութ)

Տնտեսություն
Andrias-Aghasi

«Դեռևս 2013 թվին ՀԷՑ-ը սնանկացավ, և պետությունն իր վրա պարտավորություն էր վերցրել պահելու այդ ընկերությունը։ Բիբինը ճիշտ արեց, որ չգնաց Ազգային ժողով՝ ներկա լինելու լսումներին։ Ի՞նչ իմաստ ուներ գնալ ու լսել մեղադրանքներ, երբ Կառավարությունն է այսքան ժամանակ պահել իր ղեկավարած կառույցը»,-կարծում է անկախ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը։ Իսկ ընկերությունը մեծ պարտք ունի բանկերին, քանի որ այն աշխատանքը, որ սեփական կապիտալով պետք է արվեր, արվել է վարկերով։ «Շարմազանովը պարզ ասաց, որ ժողովրդի գրպանից է դուրս գալու ՀԷՑ-ի կուտակած այդ 24 մլրդ դրամ պարտքը»,-նշեց պարոն Ղուկասյանը։ Իսկ կուսակցությունները երբեք մասնակից չեն եղել որևէ գործընթացի, և վաղուց իրազեկված են եղել ընկերության շուրջ առկա իրավիճակին։ «Այսօրվա քաղաքական ուժերը չեն էլ կարող որևէ բան անել, քանի որ նրանց մեծ մասը շաղկապված է Ռուսաստանի հետ։ Օրինակ Դաշնակցության համար ասում են, որ դեռ 70-ականներից է այդ երկրի հետ կապված»,-շեշտեց գործիչը։ «Չեմ կարծում, որ որևէ երկրի իշխանություն ժողովրդին պարտադրի ֆինանսավորել Պուտինի ռեժիմն, ինչն այսօր անում է Հայաստանի իշխանությունը»,-կարծում է նա։ Պարոն Ղուկասյանը նաև նշեց, որ ներկայիս գործիչները չեն վճարում սպառած էլ.էներգիայի համար, այնպես որ գումարն իսկապես միայն հասարակ ժողովրդի գրպանից է դուրս գալու։ «Տեսուչները վախենում են մոտենալ քաղաքական վերնախավի տներին, և նրանք որևէ գումար չեն վճարում ոչ էլեկտրաէներգիայի, ոչ էլ գազի դիմաց»։ Խնդրի միակ լուծումը գործիչը տեսնում է զինված պայքարի մեջ։ Իսկ քաղաքագետ Աղասի Ենոքյանը դրան էլ չի հավատում։ «Պալատական դավադրության դեպքում կարող է իշխանափոխություն լինել, և այս խնդիրները լուծվեն»։ Նա կարծում է, որ ՀԷՑ-ի տնօրեն Բիբինին ոչ թե պետք է հրավիրեին ԱԺ, այլ բերման ենթարկեին դատախազություն, որտեղ նա ստիպված կլիներ արդեն բացատրություն տալ։ «Կրեմլին չբարկացնելու համար գործիչները խելոք լսում են այն, ինչ պարտադրվում է։ Եթե սկզբում նշվում է, թե էլ.էներգիան պետք է 17 դրամով թանկանա, հետո ասում են 6,93, նշանակում է՝ սա շոու է»,-եզրափակեց պարոն Ենոքյանը։