Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ Զարուհի Փոստանջյանին՝ չվանել ներդրողներին

Տնտեսություն
bBRfoL49F1Y

Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի քննարկմանն այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որի ծննդյան օրն է այսօր, իր ելույթում հայտարարեց, որ իր որոշ գործընկերների կողմից չկամություն տեսավ այս նախագծի վերաբերյալ. «Կամ չեն հասկանում, կամ պարզապես չեն ուզում հասկանալ բովանդակությունը՝ կարող է լավ բան լինի հետո դրա տակից ոնց դուրս գան: Այն, ինչ խիստ մասնագիտական է, դրա մեջ շատ պետք չէ խորանալ: Այն տպավորությունը ստացա, որ ՀՀ-ում ներդրողները կանգնած են սահմանին ու հիմա մտածում ենք՝ ում ներս թողնենք, ում՝ ոչ: Ներդրող կազմակերպությունն ասում է՝ չեղած տեղից առնում եմ ձեր աղբը ու ազատում ձեզ տարիներ շարունակ կուտակված էկոլոգիական չարիքից: Մարդիկ հենց հիմա ԱԺ մուտքի մոտ պատրաստ սպասում են՝ բոլոր գիտնականները, մասնագետները, գան, պարզաբանեն: Ինձ համար մեկ է՝ ներդրողն ով է՝ անգլիացի Ջոնը, թե Թոմը»: Նախագծին դեմ արտահայտվող պատգամավորներին, մասնավորապես «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, նա կոչ արեց՝ առանց ինֆորմացիան ճշտելու, հայտարարություններ չանել ու այդպիսով վանել ներդրողներին: Ի դեպ, ԱԺ նախագահն այդպես էլ չընդունեց Զարուհի Փոստանջյանի հայտը՝ խմբակցության անունից ելույթ ունենալու համար, եւ արդյունքում ելույթ ունեցավ հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա հայտարարեց, որ քննարկումների մի մասը ոչ թե օրենքի նախագծի վերաբերյալ էին, այլ սեփական ցանկությունների. «Կներեք, ես համաձայն չեմ այն հայտարարությունների հետ, որ մեր բնապահպանական վիճակը աղետալի է: Չքավորությունն է բնապահպանական ողջ չարիքը, այն կարող է հազվագյուտ ծառատեսակը կամ էնդեմիկ ամենավերջին կենդանին էլ իր առօրյա խնդիրները լուծելու համար ոչնչացնել: Դե հերիք է կանգնել ու խոսել նման բաներից: Միայն չքավորությունն է բնության թշնամին, դեգրադացնում բնապահպանությունը»: Ըստ Վարդան Այվազյանի՝ այս նախագիծն ընդամենն ասում է, որ պոչամբարները ներդրողին փոխանցելուց ազատվում է հարկերից ու տուրքերից՝ բացառությամբ գրանցման տուրքից: