Պատգամավորներն ընդվզում են. Փաշինյանի խոսափողն անջատվեց (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում մեկ րոպե լռությամբ հարգեց Վրաստանում ջրհեղեղի արդյունքում զոհված քաղաքացիների հիշատակը: ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն առաջարկեց ընդհանրապես Կանոնակարգից հանել 24-ժամյա ռեժիմ հասկացողությունը, ըստ որի՝ Կառավարությունը բերում է նախագծեր ու հայտարարում, որ այն պետք է հրատապ քննարկել ու ընդունել: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւս հայտարարեց, որ համամիտ է առաջարկի հետ. «Այս պրեսինգը համարում ենք անընդունելի: Պատգամավորները պետք է հասցնեն օբյեկտիվ ժամանակահատվածում ծանոթանալ ներկայացված օրակարգին»: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ԱԺ այս օրակարգով ներկայացրած փաստաթղթերը, որոնք 25-ն են, պետք է անցնեն լուրջ քննարկում, իսկ որոշների դեպքում պետք է տեղի ունենան լսումներ, հատկապես պոչամբարների հետ կապված. «Այսպիսի ռեժիմով նման օրենքների ընդունումը շատ վտանգավոր է»: Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ օրակարգում կա երկու նախագիծ՝ «Պետական պարտքի մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» օրենքները պետք հանվեն. «Դրանք բացասական սպասումներ ու ազդեցություն կունենան տնտեսության վրա»: ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ՝ օրակարգում ներկայացված նախագծերը, որոնք հիմնականում տնտեսական բնույթի են, իրենց հանձնաժողովը չի կարողացել քննարկել: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր հերթին նշեց, որ իհարկե, կառավարությունն իրավունք ունի արտահերթ նիստ գումարելու, սակայն ստացվում է, որ մենք շարունակում ենք նախորդ կառավարության վատ ավանդույթը՝ հապշտապ քննարկելու բոլոր նախագծերը. «25 նախագծի քննարկումը աննախադեպ է: Հիմա էլ ընդմիջումներն եք կրճատում, պարոն Սահակյան, մինչդեռ այդ ընթացքում գոնե պիտի հասցնեինք կարդալ նախագծերը»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հայտարարեց, որ իրենք կարիք ունեն ծանոթանալու նախագծերին ու այդ մասին ամբողջ ԱԺ-ն ասում է. «Անընդունելի է այս ռեժիմը: ԱԺ նախագահին խնդրում եմ իր դիրքորոշումը արտահայտել. ես չեմ հասկանում՝ ի՞նչն եք հիմա դնում քվեարկության»: Միայն ՀՀԿ պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ իրենց հանձնաժողովը քիչ առաջ է ավարտել նիստը, եւ բոլոր հարցերը հանգամանալից քննարկել են. «Մենք պատրաստ ենք լիագումար նիստ տեղափոխել այդ նախագծերը ու այստեղ որոշում կայացնել, մասնավորապես պետական պարտքի մասին»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ սխալ է ասել, թե ամբողջ ԱԺ-ն խոսում է այդ մասին. «Այս հակասությունները առաջանում են նրանից, որ բոլորդ էլ ծանոթ եք օրինագծին, սակայն չեք քննարկել: Ես այդ մասին տեղյակ կպահեմ կառավարությանը: Իսկ հիմա ընդամենը քվեարկելու ենք ընթացակարգը»: Ի վերջո ԱԺ ընթացակարգն ընդունվեց 66 կողմ, 35 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւս փորձեց վարման կարգով խոսել՝ հիշեցնելով, որ հունիսի տասներկուսին տեղի ունեցավ ԱԺ լսումներ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ. «Լսումների ընթացքում շատ կարեւոր արդյունքի հանգեցինք, որ փաստացի ապացուցվեց՝ ՀՀ օրենսդրության տրամաբանությամբ սակագնի բարձրացման կարիք չկա»: Նրա խոսքն ընդհատեց Գալուստ Սահակյանն՝ ասելով. «Չեմ ուզում ձեզ վիրավորել, սակայն օրակարգում նման հարց չկա»: «Ձեր օրակարգում միգուցե չկա, սակայն հայ ժողովրդի օրակարգում այդ հարցն առաջին տեղում է»,- փորձեց շարունակել Նիկոլ Փաշինյանը: «Խնդրում եմ անջատել խոսափողը»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: