Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՛չ մի լումա ավելի». Իրազեկման երթ` Երևանում

Հասարակություն
ellleeek

Այսօր Գայի արձանի մերձակա տարածքից սկսվեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների կազմակերպած իրազեկման երթը։ Ակտիվիստները «Ո՛չ թալանին», «Ո՛չ մի լումա ավելի» կոչերով ու վանկարկումներով շրջեցին Նոր Նորք թաղամասի փողոցներում՝ քաղաքացիներին բաժանելով հունիսի 19-ին Երևանում տեղի ունենալիք երթի մասին իրազեկման թերթիկներ։ «Այսօր մենք իրազեկումներ իրականացրինք Նոր Նորք վարչական շրջանի տարածքում։ Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին՝ իրենք ևս մասնակից դառնան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրազեկման միջոցառումներին։ Թռուցիկները դրված են մեր ֆեյսբուքյան էջում, ցանկացողները կարող են այնտեղից վերցնել օրինակները և իրենք էլ իրազեկումներ կազմակերպեն»,- Ա1+-ի հետ զրույցում նշեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը։ Ակտիվիստները իրազեկման թռուցիկներ բաժանելուց զատ զրույցներ էին անցկացնում քաղաքացիների հետ՝ պարզելու նրանց տրամադրվածությունը՝ ապագայում սպասվող միջոցառումներին մասնակցության հետ կապված։ Նախաձեռնության անդամներից Վաղինակ Շուշանյանն էլ նշում է. «Այսօր մենք իրականացնում ենք իրազեկման հավաք, Նոր Նորքի տարածքում իրազեկում ենք հունիսի 19-ին կայանալիք մեծ հանրահավաքի մասին։ Հունիսի 6-ին անցկացրել ենք հեծանվարշավ, մեր նախաձեռնության անդամներն ու մտահոգ քաղաքացիները մշտապես աշխատում են սպասվող հանրահավաքի վերաբերյալ իրազեկումներ անցկացնելով»։ Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամ սահմանել։ Հունիսի 17-ին ՀԾԿՀ-ը նիստ կգումարի՝ էլեկտրաէներգւայի թանկացման վերաբերյալ։