Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում բացվելու է գեղասահքի և հոկեյի մանկապատանեկան դպրոց

Հասարակություն
unnamed64

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոց»-ի շինհրապարակ, ծանոթացել կառույցի շինարարական աշխատանքների ընթացքին: Երևանի Ծովակալ Իսակովի պողոտա 27/8 հասցեում կառուցվող մարզա-առողջարարական համալիրը նախատեսված է ավելի քան 1000 սաների և շուրջ 500 հանդիսատեսի համար: Դպրոցը կառուցվում է Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների տնoրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանի անձնական միջոցներով և նվիրաբերվելու է Երևան քաղաքին: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 5 մլն դոլար: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2014թ.-ի հունիսին մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն այս աշնանն ամբողջությամբ կավարտվեն. «Երևանում ձմեռային մարզաձևերի դպրոց ունենալու անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում, քանի որ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող մարզադպրոցը, ըստ էության, քայքայվել էր թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես: Դրա վերականգնումը բավական մեծ ծախսեր էր պահանջում և համայնքային բյուջեի միջոցներով այն վերականգնել իրականում հնարավոր չէր: Եվ այս տեսանկյունից իսկապես ողջունելի էր հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի պատրաստակամությունը՝ իր միջոցներով Երևանում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան մարզա-առողջարարական համալիր, որը կնվիրաբերվի Երևան համայնքին ու կգործի որպես ձմեռային մարզաձևերի դպրոց»,- ասել է Տարոն Մարգարյանը: