Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը կարող է կանխել հոսանքի գնի բարձրացումը»

Քաղաքականություն
hosank

Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը կարող են կանխել Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Սարգսյան Սերժը մի խոսքով կարող է լուծել ամիսներ շարունակ ձգվող խնդիրները: «Տարոն, սիրուն չի» խոսքը դարձավ նախադեպ, որ Մաշտոցի պուրակում չդրվեն բուտիկներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը: Նախաձեռնությունը հունիսի 19-ին մեծ հավաք եւ երթ է հրավիրում եւ օրը համարում է պահանջատիրության օր: Նախաձեռնությանը չեն գոհացնում այն հավաստիացումները, որ թանկացումներն անխուսափելի են, եւ ոչ մի լումա չպետք է բարձրանա: «Հնարավոր ենք համարում, որ իշխանությունները խելամիտ կլինեն եւ կճնշեն ՀԷՑ-ին, որ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա եւ մայիսի 27-ի երթին մասնակցած մարդկանց չեն արհամարհի»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը: Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Լեւոն Զաքարյանն էլ ավելացրեց, որ իշխանությունները դեռ չեն գիտակցում, որ մարդիկ իրենց պահանջի տերն են: Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված քննարկումը փակ է անցկացվելու, որովհետեւ շատերը այն շոուի կվերածեն, Լեւոն Զաքարյանը նշեց, որ իրենք պատրաստ են շոուների, եւ ԱԺ-ում միշտ էլ շոուներ են լինում: Ի դեպ, այսօրվա ասուլիսի մասնակիցներն էլցանցերի տնօրենին խոստացան թարգմանված տրամադրել այսօրվա ասուլիսի ձայնագրությունը՝ առանց գումարի, քանի որ թարգմանվելու դեպքում ծախսերը մի քանի միլիոնով կավելանան: Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հոսանքի սակագինը 17 դրամով բարձրացնելու համար: