«Իշխանության վերարտադրությունն ավելի հեշտ է գործող սահմանադրությամբ» (տեսանյութ)
Խորհրդարանական կամ կիսանախագահական կառավարման մոդելի վերջնական ընտրությունը պետք է կատարի սահմանադրական փոփոխությունները նախաձեռնող սուբյեկտը՝ Սերժ Սարգսյանը։ Ըստ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի՝ «Տրամաբանական չի լինի, որպեսզի նախաձեռնող սուբյեկտը ներկայացնի երկու տարբերակ, ասի՝ Ազգային Ժողով, ես ուզում եմ փոփոխություն, դուք որն ուզում եք, ընտրեք»։ Պարոն Հարությունյանն ավելորդ է համարում ասել, որ այս փոփոխությունները գործող իշխանության վերարտադրման համար չեն. «Եթե գործող իշխանությունը, ինչպես շատերդ սիրում եք կրկնել, նպատակ ունենա վերարտադրության, ապա այդ վերարտադրության հնարավորությունները շատ ավելի մեծ են գործող Սահմանադրության պայմաններում, քան փոփոխվածի դեպքում»։ Նա պահանջում է չանձնավորել եւ չհարցնել՝ գործող Սահմանադրությամբ կարո՞ղ է Սերժ Սարգսյանը երրորդ անգամ անընդմեջ դառնալ Հայաստանի նախագահ. «Ոչ թե երրորդ անգամ... Մի անձնավորեք... Իշխանությունը»։ Եթե փոփոխությունները կյանքի կոչվեն Գագիկ Հարությունյանի պատկերացրածով, լուծելու են առանցքային շատ հարցեր, դրանցում անձնավորված իշխանությունը տեղ չունի. «Ես ոչ երեկվա երիտասարդն եմ, ոչ էլ նոր փորձառությամբ, ես պատկերացնում եմ, այս երկրի զարգացման ամբողջ պատմությունն իմ միջով էլ է անցել։ Ես չէի ցանկանա, որ իմ երեխաները, ձեր երեխաները, ձեր թոռները ապրեն մի երկրում, որտեղ նաեւ տասնամյակներ նրանց ճակատագիրը պայմանավորված կլինի առանձին սուբյեկտների սուբյեկտիվ հատկանիշներով»։ Գագիկ Հարությունյանը գիտի, որ Հայաստանում ընտրական ինստիտուտների հանդեպ լուրջ անվստահություն կա, ինչպե՞ս են դրա դեմն առնելու եւ կյանքի կոչելու փոփոխությունները. «Որքանո՞վ հնարավոր կլինի ընտրական համակարգերի հետ կապված որոշակի հարցերի լուծումը ավելի առաջ քցել, դա էլի մեզանից կախված չէ»։ Ի դեպ, Հայաստանում սահմանադրականության չդադարող ճգնաժամի համար իր անձնական պատասխանատվությունը պարոն Հարությունյանը չի տեսնում, ինքն այնքա՜ն գործ է արել. «Ես երեսունից ավելի գրքեր եմ գրել այս ոլորտի վերաբերյալ եւ 200-ից ավելի հոդվածներ»։