Կրեմլի պարտադրանքով է հոսանքի գինը բարձրանում. Արշակ Սադոյան
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված հիմնավորումները հնարովի եւ կեղծ է համարում։ «Ուղղակի հանցագործ պատմություն։ Երբ անցած տարի թանկացրին բոլոր այն պարտքերը, որոնց մասին խոսվում էր, արդեն կոմպենսացրել են։ Հիմա նորից նույն թվերը հիմքում թանկացնելու համար ուղղակի ծիծաղելի է»,- «Ա1+»-ին ասաց Արշակ Սադոյանը։ Նրա խոսքերով՝ եթե սահմանին գազի գինը էժանանում է, հետեւաբար պետք է Հրազդան ՋԷԿ-ը ցածր գնով էլեկտրաէներգիա մատակարարի բնակչությանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայաններից, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողներից ստացել է սակագների վերանայման հայտերի փաթեթները։ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն առաջարկում գործող 2 դրամ կվտ/ժ սակագինը դարձնել մոտ 5 դրամ: Մոտ 1 դրամով թանկացնում է Բարձրավոլտ էլեկտրացանցերը, 2 դրամով` «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանը, 8 դրամով` «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն, իսկ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն իր առաջարկով սակագինը բարձրացնում է 3 դրամով: ՀԷՑ-ն առաջարկում է սպառողներին մատակարարվող 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով։ Ցերեկային սակագինը սահմանել 58 դրամ 93 լումա՝ նախկին 41 դրամ 85 լումայի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 48 դրամ 93 լումա՝ նախկին 31 դրամ 85 դրամի փոխարեն։ Ըստ հիմնավորման՝ ՀԷՑ-ը 24 մլրդ դրամ պարտք է կուտակել՝ ատոմակայանի չաշխատելու, անցած տարվա սակավաջուր լինելու եւ բալանսային ռեժիմի խախտման հետեւանքով։ «Աշխարհում գները կամաց-կամաց էժանանում են, եւ այս պարագայում էլեկտրաէներգիայի գինը թանկացնելն ուղղակի մի բան է. կա գաղութային վիճակում գտնվող մի երկիր, որ բնականոն երկիրն ինքն արտարժութային պաշարներ չունի։ Ժողովրդին թալանելու ամենահեշտ ձեւն էլ ճարահատյալ սպառման ապրանքների գները թանկացնելն է»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը։ Նրա խոսքերով՝ Կառավարությունը ստիպված է դա անում, որովհետեւ տերերը պարտադրում են. «Կրեմլի բացահայտ պարտադրանքով է»։