«Ալյանս»-ին չի թույլատրվել համագումարն անցկացնել Մարզահամերգայինում
Րոպեներ առաջ Կառավարության ընդունելությունների տան դահլիճում մեկնարկեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարը: Այն մեկնարկեց ՀՀ օրհներգով: Օրակարգում նախատեսվում են նախաձեռնող խմբի անդամների ելույթները, ծրագրի եւ կանոնադրության հաստատում, վարչության ընտրություն, վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն եւ նախագահի ընտրություն: Հայտարարվեց, որ կուսակցությանը անհայտ պատճառներով չի թույլատրվել համագումարը անցկացնել Մարզահամերգային համալիրում: Ի դեպ, համագումարին մասնակցում են նաեւ ԲՀԿ պատգամավոր Վահրամ Բաբայանը, Բազմասեր Առաքելյանը, ԲՀԿ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, «Ալյանս»-ի ակունքներում է նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը։