Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում երթ է՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման (տեսանյութ)

Քաղաքականություն
untitled10

Այս պահին Ազատության հրապարակում են գտնվում տասնյակ քաղաքացիներ, ովքեր դուրս են եկել հանրային քննարկման՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման և իրենց պայքարի հետագա քայլերի մասին խոսելու։ Քաղաքացիներն անհիմն են համարում հոսանքի թանկացումը, համարելով դա իշխանությունների քմահաճույք։ Նրանք նշում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը հանգեցնելու է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանն, արտագաղթի ավելացմանը և այլն։ «Մենք չենք պատրաստվում իրենց կուտակած պարտքերը մարել, նրանց ներկայացրած հիմնավորումները կամ հաշվարկները մեզ հավատ չեն ներշնչում , իբրև թե բարեգործության անվան տակ մեզ ուզում են թալանել»,- շեշտում են հանրային քննարկման մասնակիցները։ Ակտիվիստ Մաքս Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշում է, որ չհիմնավորված թանկացումը զսպելու համար կդիմեն օրենքով չարգելված ցանկացած մեթոդի։ «Այստեղ թալանի խնդիր ա՝ կա ինչ-որ պարտք, որը գոյացել է ինչ-որ շատ անհասկանալի պայմաններում ,բայց բնակիչները բարեխիղճ վճարում են բոլոր վարձերը, բայց դա նրանց համար բավական չէ, ուզում են ավելի շատ մարդկանց թալանել, առավել եկամուտներ ունենալ։ Եթե նրանք իրենց պարտավորությունները չեն կատարել պարտքը վեցնելուց հետո, դա արդեն իրենց խնդիրն է»,-ասում է նա։ Բնապահպան, ակտիվիստ Լևոն Գալստյանն էլ առաջարկում է ստեղծել 10 -15 հոգանոց աշխատանքային խմբեր, որոնք իրազեկման ակցիաներ կիրականացնեն՝ հորդորելով բոլոր քաղաքացիներին հրաժարվել էլեկտրաէներգիայի վարձը վճարել։ Ազատության հրապարակում է գտնվում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը , ինչպես նաև հասարակական-քաղաքական գործիչներ։ Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով թանկացնելու համար։ Հանրային քննարկումը կազմակերպել է «Ոչ թալանին»քաղաքացիական նախաձեռնությունը։ Ակցիայի մասնակիցների երթը մեկնարկեց, «Ոչ թալանին», « Չենք վճարելու» վանկարկումներով։