Սոցիալական բունտին խանգարում են կովերը (տեսանյութ)
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին զվարճացնում է, որ էլեկտրաէներգիայի թանկացում պահանջող ՀԷՑ-ը նաեւ բարեգործություններ է անում Հայաստանում. «Լինելով վնասով աշխատող ընկերություն, նա նաեւ բարեգործություններ է կատարել»։ Ըստ պատգամավորի, Հայաստանի դատախազությունը պետք է զբաղվի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի այն հայտարարությամբ, որ էլեկտրաէներգիան պետք է թանկանա, քանի որ կառավարումը վատ է եւ էներգիան գողանում են. «Գողություն ա եղել, բռնեք, դատեք, գողոնը հետ բերեք»։ Նաիրա Զոհրաբյանը կասկածում է էլեկտրաէներգիայի գողության փաստին։ Հետաքննիչները պարզապես պետք է ծանոթանան էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունների գրասենյակներին. «Այդ գրասենյակներն իրենց շքեղությամբ շատ քիչ են զիջում, օրինակ, ասենք, Վերսալին կամ Էրմիտաժին»։ Տիկին Զոհրաբյանի համար թանկացումը սարսափելի է նրանով, որ մեր աղքատների թիվն արդեն անցել է 1 միլիոնը։ Սակայն ինչու՞ թանկացումը սոցիալական բունտի չի հանգեցնում. «Զոռով ժողովրդին ասել, որ դուրս արի, քո իրավունքների համար պայքարի, չի ստացվելու»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ Ըստ Արամ Մանուկյանի, ՀԷՑ-ի շահույթը մոտ 13 միլիարդ դրամ է, ինքը դրանով կարող էր փակել կորուստները, սակայն այսպիսի Հայաստանը նրանց համար հարազատ միջավայր է. «Հայաստանը դարձել է փող ուտելու, կորուստների չարաշահման մի հատ դաշտ, վարում են ինչքան ուզեն»,-ասում է նա։ Պարոն Մանուկյանն իր բացատրությունն ունի, թե ինչու ժողովուրդը ոտքի չի կանգնում՝ խանգարում են կովերը. «Գազն էր, հետո գազը թանկացրին, գազաֆիկացրին, գազը թանկացրին, հետո անցան հոսանքին, հիմա հոսանքը թանկացրին, ձեռնտուն լինելու է կով պահելը, որովհետեւ կովի աթարը արդեն լուրջ հոսանք արտադրող, տաքություն տվող միջոց է դառնալու»։ Հանրապետական Վահրամ Բաղդասարյանն զգում է սոցիալական բունտի հանգեցնող կանխանշաններ։ Իսկ ահա իշխանափոխության՝ հազիվ թե, թեպետ թանկացումն անխուսափելի է. «Որ իշխանափոխությունը եղավ, պիտի պահեն, պիտի չբարձրանա՞։ Ինչ պիտի անեն։ Ենթադրենք, իշխանությունը դուք եք, ռուսական կողմը հայտ է ներկայացրել, ասում է հայտը քննարկեք, եւ հիմնավորում է բերում՝ ի՞նչ ա, էս իշխանությունը էս ժողովրդի թշնամի՞ն է, որ ասում է՝ չէ, եկեք թանկացնենք։ Եթե կա մեկը, որ չի ուզում թանկացնել, էս իշխանությունն է: