Բարեփոխումները քաղաքական կամք են պահանջում. նախարարը խոսեց անգլերեն
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը եւ Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը: Մասնակիցներին ողջույնի խոսքով հանդես եկավ Սերժ Սարգսյանը: Նա մասնավորապես նշեց, որ կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում է գիտելիքահեն հասարակությունը՝ ապահովելով ուսանողների համար հերթական հնարավորությունների լայն դաշտ. «Հայաստանյան կրթական համակարգի համար կարեւորագույն ձեռքբերումներից է, իսկ Բոլոնյան համաձայնագիրը մեր պատվաբեր պարտականություններից է: Կրթությունն ինքնանպատակ չէ, այն ծառայելու է համամարդկային արժեքներին: Վստահ եմ, որ Երեւանում կայացրած կարեւոր որոշումները մեծ նշանակություն կունենան Եվրոպայի բոլոր ուսանողների ու կրթության բոլոր շահառուների համար՝ ստեղծելով տնտեսության զարգացման ու կայունության նոր հիմքերը»: Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին այսօր Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթը կառուցեց անգլերեն: Գագաթաժողովին մասնակցում են Բոլոնյան համաձայնագրին միացած 47 երկրի ներկայացուցիչներ: Նախարարն իր խոսքում նշեց, որ կրթական բարեփոխումները քաղաքական կամք են պահանջում. «Հանրային կարծիքը երբեմն քննադատաբար է վերաբերվում տարբեր երկրներում տեղի ունեցող կրթական բարեփոխումներին: Բոլորս պետք է պահպանենք այն, ինչ ունենք՝ եվրոպական տարածքի կրթական արժեքները պետք է պահպանենք: Պատրաստ ենք կիսելու մեր փորձը՝ ստեղծելով ավելի ամուր կամուրջներ մեր հասարակության եւ երիտասարդության համար»: