Մարզպետի որդուն հարցաքննե՞լ են, թե՞ ոչ. Քննչականը չի մեկնաբանում
Մայիսի 2-ին «Գորիս բժշկական կենտրոն» տեղափոխված Հ.Զաքարյանի դեպքի առթիվ քննությունը շարունակվում է։ «Կատարվում են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ գործի բազմակողմանի քննության համար։ Հարցաքննվել են մի շարք անձինք, և հարցաքննությունները շարունակվելու են։ Բայց գործի շահերից ելնելով, չենք կարող այս պահին տվյալ անձանց անուններն ու այլ մանրամասներ հրապարակել»,- «Ա1+»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Արդյո՞ք գործի շրջանակում հարցաքննվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, որի մասնակցությունը խուլիգանությանն ավելի վաղ էր հաստատվել, տիկին Տռուզյանը չի հստակեցրել։ Հիշեցնենք, որ մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հ. Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել էր Տ. Խաչատրյանի հետ, որից հետո գնացել էին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց էին միացել նաեւ այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի։ Երեկ տուժողի ծնողները հաստատել են մարզպետի որդու մասնակցությունը միջադեպին։