Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նրանք այլեւս խոպանչի չեն կոչվի, այլ՝ ծառայություն մատուցող (տեսանյութ)

Հասարակություն
6e263fe18dd1a5f80087089c1a0597de

Ազգային Ժողովի ընդունած՝ արտերկրում աշխատողներին նոր հարկով հարկելու մասին օրինագիծը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը միանշանակ դրական է համարում։ «Շինարարությունը որոշ չափով կասեցվել է մեզ մոտ։ Եվ այդ ոլորտով զբաղվող ընկերությունները կարող են մասնակցել Ռուսաստանում անցկացվող մրցույթների։ Հայկական ընկերությունները կարող են ձևավորված փաթեթով ներկայանալ»,-նշել է նա: Կարծում է, որ այն աղմուկը, որ բարձրացվել է օրենքի շուրջ, թյուրըմբռնման արդյունք է։ Անհատապես աշխատանքի մեկնողներին, ասում է՝ սա չի վերաբերի: «Ով կգրանցվի այնտեղի որևէ ընկերությունում աշխատանքի, նրան էլ կվերաբերի»,-ընդգծել է Գործատուների միության նախագահը: «Բացի շինարարությունից, անշարժ գույքի ոլորտն էլ, կարելի է ասել՝ սառեցված է, և սա կարող է նպաստել այդ ոլորտների զարգացմանը»,-ասել է պարոն Մակարյանը: Նա նշել է, որ վերջերս հայաստանյան շինարարական ընկերություններից մեկի ղեկավարն ամբողջ ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստան, քանի որ այստեղ արդեն ձեռնտու չի եղել աշխատանքը։ Գործատուների միության նախագահը չի կիսում նաև որոշ պատգամավորների տեսակետը, թե «խոպանչիների» մասին օրենքը հակասում է ԵՏՄ-ի հետ կնքված պայմանագրին: Իսկ վերոնշյալ օրենքով արդյո՞ք հնարավոր է՝ նվազի արտագնա աշխատանքի մեկնողների թիվը, թե հակառակը, «Ա1+»-ի հարցին ի պատասխան պարոն Մակարյանը նշել է. «Կարծում եմ, որ չի նվազի նրանց թիվը, սակայն կարգավիճակը կփոխվի։ Իրենք այլևս խոպանչի կամ միգրանտ չեն կոչվի, այլ կազմակերպության աշխատող, որոնք ծառայություն են մատուցում այդ երկրում»։ Նրա գնահատմամբ՝ ամեն դեպքում միգրանտը հոգս է տվյալ երկրի համար, և այս առումով էլ «խոպանչիների» մասին օրենքի կիրառումը փոխշահավետ կլինի մեր երկրի և Ռուսաստանի համար. «Ռուսը կարող է առավոտյան 8-ին չուզի գնալ շինարարություն անելու, բայց հայերը լավ են աշխատում»։