Մեր երկրում սեյսմիկ ռիսկը շատ բարձր է. ՀՀ եւ Նեպալի նմանությունները (տեսանյութ)
Նեպալի երկրաշարժը Սպիտակի երկրաշարժի հետ շատ նմանություններ ունի, անգամ ժամի առումով։ «Սպիտակի երկրաշարժն էլ առավոտյան ժամի եղավ, ինչպես Նեպալում»,-ասել է ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը։ Ասում է՝ Սպիտակի երկրաշարժի նման Նեպալում երկրաշարժը տեկտոնական սալերի շարժի արդյունք է։ Պարոն Պետրոսյանը նաև հայտնել է, որ նախորդ տարի աշխարհում 6 և ավելի մագնիտուդ ուժով 153 երկրաշարժ է եղել, իսկ այս տարվա 5 ամիսների ընթացքում արդեն 40 նման երկրաշարժ է գրանցվել։ «Ամեն երևույթ ունի պարբերական բնույթ։ Երկրի մագնիսական դաշտն ամեն 11 տարին մեկ անգամ փոփոխվում է, նոր փուլ թևակոխում, դա էլ պետք է հաշվի առնել»,-շեշտել է մասնագետը։ «Միանշանակ, սպասելի էր Նեպալի երկրաշարժը, և նման երկրաշարժ կարող է լինել բարձր սեյսմավտանգ բոլոր տարածաշրջաններում»,-իր հերթին նշել է նույն կառույցի Շենք-շինությունների բաժնի պետ Գուրգեն Նամալյանը։ Նրա խոսքով՝ երբ խիտ բնակեցված կամ սխալ կառուցապատված քաղաքներով ու գյուղերով է տարածաշրջանը, սեյսմիկ ռիսկը շատ բարձր է։ Նման տարածաշրջանում է գտնվում մեր երկիրն՝ իր բոլոր բնակավայրերով։ «Բնությունն ամեն երկրաշարժից հետո կարծես ասում է, որ դա իր կյանքն է և մարդը պետք է համակերպվի բնության հետ, ոչ թե հակառակը։ Իսկ մարդուն մնում է միայն ճիշտ ձևով նախագծել ու կառուցել շենք-շինությունները՝ երկրաշարժի դեպքում մեծ վնասներից խուսափելու համար»,-եզրափակել է մասնագետը։