Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում ընտրությունները լինում են ազատ, բայց ոչ արդար. Գ. Բաղդասարյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
baxdasaryan

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը կարծում է, որ Արցախում ընտրությունները լինում են ազատ, բայց ոչ արդար. «Իշխանություն ձևավորելը բավականին տևական գործընթաց է, և չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով, և եթե այդ մեկ ամսում քաղաքական ուժերը հավասար հնարավորություններ են ունենում, ապա նույնը չի կարելի ասել նաև մնացած ժամանակահատվածների մասին»։ Բաղդասարյանը համոզված է, որ մայիսի 3-ի ընտրությունները նախորդի հետ համեմատ մեկ քայլ առաջ էին, քանի որ այն անցավ մրցակցային մթնոլորտում՝ ի տարբերություն նախորդի։ «Այս ընտրություններն անցան մրցակցային մթնոլորտում և սա հիմնական տարբերակիչ գիծն է, որը պետք է առանձնացնել»։ Բանախոսը նշում է. «Ժողովրդավարությունը ավելի տևական գործընթաց է, նախադեպեր ու ավանդույթներ է պահանջում։ Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում Արցախում կարմատավորվի ժողովրդավարությունը, բայց փաստը մնում է փաստ, որ քաղաքական ուժերը հավասար հնարավորություններ չունեն ընդհանրապես»։ Բաղդասարյանն անդրադարձ կատարեց Արցախի ԱԺ ընտրություններում միակ ընդդիմադիր ուժ հայտարարած «Ազգային վերածնունդ» կուսակցության՝ իրենց նկատմամբ ճնշումների մասին. «Ես տեղյակ եմ կուսակցության հայտարարություններից, և կարծում եմ, որ ավելի տրամաբանական կլիներ, եթե դատական ատյաններում քննարկվեին այդ բոլոր միջադեպերը։ Առանձնապես չեմ կասկածում, որ կարող են նման միջադեպեր լինել»,- ասաց Բաղդասարյանը։