Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ Հոլոքոստի թանգարանի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին

Քաղաքականություն
genocide

Վաշինգտոն- Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանը (The United States Holocaust Memorial Museum) հատկանշական հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Թանգարանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ» վերնագրով հայտարարությունը սկսում է հետևյալ կերպ. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանը հիշում է հայ ժողովրդի կրած տառապանքը»: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կառավարությունը, որը ղեկավարվում էր Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից, համակարգայնորեն ոչնչացրեց հայ էթնիկ ներկայությունը իր կայսրության Անատոլիայի շրջանում»: Թանգարանի հայտարարությունը նաև մեջբերում է Ռաֆայել Լեմկինին, ով նեկայացրել է «ցեղասպանություն» բառը` բացատրելով, որ. ««ցեղասպանություն» եզրի ծագումը բխում է մասամբ 1915-16թթ. սկզբներին Անատոլիայում, մասամբ էլ` Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերից»: Ամբողջական հայտարարությունը կարող եք կարդալ Թանգարանի կայքում; Ի հավելում պատմական հայտարարության, այժմ Թանգարանը ցուցադրում է «Հատուկ ուշադրություն» բաժինն իր առցանց ցուցադրություններում` նվիրված Հայոց ցեղասպանությանը, որը տրամադրում է հիմնավոր տեղեկատվություն, պատկերներ և ականատեսների ընտրյալ վկայությունններ Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից «Շոա» հիմնադրամի տեսային պատմության արխիվից: «Հատուկ ուշադրություն»-ը նաև տրամադրում է հավելյալ տեղեկատվության հղումներ` ներառելով Հայոց ցեղասպանության ավելի խորքային նկարագրությունը Թանգարանի առցանց Հոլոքոստի հանրագիտարան բաժնում: Ընթերցողներին նաև քաջալերվում է կարդալ Թանգարանի պատմաբան Էդնա Ֆրայդբերգի ապրիլի 17-ի հոդվածը Ֆրանց  Վերֆելի «Մուսա լեռան 40 օրվա» մասին, որը վերնագրված էր «Ինչպես Հայոց ցեղասպանության մասին վեպը դարձավ բեսթսելլեր Վարշավայի գետտոյում» հրեական «Forward» օրաթերթում: 1993թ.ից ի վեր Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանն (The United States Holocaust Memorial Museum) ԱՄՆ ազգային հաստատություն է՝ ուղղված Հոլոքոստի պատմության վերաբերյալ փաստաթղթերի հավաքմանը, ուսումնասիրությանն ու մեկնաբանմանը և ծառայում է որպես այս երկրի կողմից ստեղծված հուշային կառույց` ի հիշատակ Հոլոքոստի ժամանակ սպանված միլիոնավոր մարդկանց: «Ամերիկայի հայկական համագումարի, Հայ ազգային ինստիտուտի և նորաստեղծ առցանց Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարան կայքի անունից շնորհակալություն ենք հայտնում Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանին` ամբողջ աշխարհի մյուս հաստատություններին և կազմակերպություններին միանալու համար` հիշատակելու Հայոց ցեղապսանությունը: Մեծապես գնահատում ենք հիմնադրումից ի վեր Թանգարանի` Հայոց ցեղասպանությանն ուղղված շարունակվող ուշադրությունը դասախոսությունների, ցուցադրությունների և հրատարակությունների միջոցով»,- հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:   Թանգարանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ  Ապրիլ 23, 2015թ. Վաշինգտոն- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանը հիշում է հայ ժողովրդի կրած տառապանքը: Օսմանյան կառավարությունը, որը ղեկավարվում էր Միություն և առաջադիմություն կուսակցության (İttihat ve Terakki Cemiyeti) կողմից, համակարգայնորեն ոչնչացրեց հայ էթնիկ ներկայությունը իր կայսրության Անատոլիայի շրջանում: 1915թ.-ի գարնան և 1916թ.-ի աշնան վերջն ընկած ժամանակահատվածում, Օսմանյան իշխանությունները ձերբակալել են, աքսորել, զանգվածային սպանություններ են իրագործել, և ստեղծել են պայմաններ, որոնք կանխամտածված էին համատարած մահ պատճառելու հայ քրիստոնյաների  շրջանում: Նվազագույնը 664 հազար և, հնարավոր է, 1.2 մլն-ից ավել  հայ տղամարդիկ, կանայք, երեխաներ մահացել են կոտորածների, առանձին սպանությունների ժամանակ կամ համակարգային վատ վերաբերմունքի, աքսորի, սովի և հիվանդության հետևանքով: Այս վայրագությունների մասին լուրը շատ արագ տարածվել է ամբողջ աշխարհով և առաջացրել համատարած ակտիվություն և նույնիսկ բողոքի ակցիաներ Օսմանյան կայսրության` Առաջին աշխարհամարտի դաշնակիցներ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի ներկայացուցիչների կողմից: «Ցեղասպանություն» եզրը ծագել է մասամբ 1915-1916թթ. սկզբներին Անատոլիայում, մասամբ էլ` Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերից: Լեհական և հրեական արմատներ ունեցող իրավաբան Ռաֆայել Լեմկինը անդրադարձել է հայերի նկատմամբ օսմանյան հարձակումների, հակահրեական ջարդերի, և նպատակուղղված բռնության այլ դեպքերի ավելի վաղ բացահայտված պատմությանը որպես իր` միջազգային իրավունքի ներքո խմբերի պաշտպանության անհրաժեշտության մասին համոզմունքների բանալի: Հոլոքոստի ժամանակ իր սեփական ընտանիքի սպանությամբ ներշնչված, Լեմկինը  անդադար առաջ մղեց այս իրավական հասկացությունը, մինչև որ այն 1948թ.-ին ամրագրվեց  Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին Միավորված ազգերի կոնվենցիայում: Պատմության ճշգրիտ ըմբռնումը հենվում է բոլոր ազգերի և գիտական ճյուղերի գիտնականների կողմից արված օբյեկտիվ հետազոտության վրա: Թանգարանը կոչ է անում բոլոր կառավարություններին և մասնավոր հաստատություններին այս իրադարձությունների վերաբերյալ ամբողջական արխիվները դարձնել հասանելի: