Կոչ կառավարություններին՝ բոյկոտել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը
45 միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, փորձագետներ պետությունների ղեկավարներին և միջազգային հանրությանը կոչ են անում բոյկոտել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը և սանկցիաներ կիրառել Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ։ Այս մասին գրում է Կոնտակտ.ազը։ Հրապարակված տեքստում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Ադրբեջանում օրեցօր ահագնացող իրավիճակը՝ կապված մարդու իրավունքների հետ, արևմտյան կառավարությունները պետք է վիզային արգելք սահմանեն Ադրբեջանի այն բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար»։ Ըստ հայտարարության՝ անհրաժեշտ է դադարեցնել տնտեսական գործակցությունը ադրբեջանական պետական կառույցների հետ։ Բաքվում Եվրոպական խաղերին մասնակցել պատրաստվող պետությունների առաջնորդներին կոչ է արվում բոյկոտել այն, կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին։ Փաստաթղթում մանրամասն խոսվում է Եվրոպական խաղերը բոյկոտելու անհրաժեշտության մասին, մասնավորապես՝ շեշտվում է մեծաթիվ քաղբանտարկյալների առկայության փաստը։