«Մեր երթուղայինները ТУ-134 ինքնաթիռի ուղևորների թվով մարդ են տեղափոխում»
Պռոշյան գյուղի բնակիչ, գեղանկարիչ Գալուստ Գրիգորյանին անհանգստացնում է գյուղի տրանսպորտի խնդիրը։ «Գյուղը ունի 5000-ից ավել բնակիչ, մեծ մասը աշխատում եւ սովորում է Երևան քաղաքում,նույնիսկ մանկապարտեզ են հաճախում։ Ամբողջ գյուղին տրամադրված է մեկ տրանսպորտային երթուղի, որից օգտվում են նաև Երևանի բնակիչները։114 համարի երթուղում շահագործվում են անհիշելի ժամանակների Ford-եր,որոնց տեխնիկական վիճակը վթարային է և անմխիթար,բայց կարող է ТУ-134 ինքնաթիռի ուղևորների թվով մարդ տեղափոխել»,- «Ա1+»ին ասաց Գալուստ Գրիգորյանը։ Նրա խոսքերով՝ նախկինում զուգահեռ աշխատում էին 19 համարի ավտոբուսները, սակայն հետագայում դրանք հանվել են շահագործումից։ «Պատկան մարմինները սպասում են վթարի,զոհերի,որ նոր անդրադառնան անպիտան տրանսպորտի հարցին»,- ասաց նա։ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ Պռոշյան համայնքը նախկինում սպասարկող ավտոբուսային հ.19 երթուղու աշխատանքը դադարեցվել է՝ այն շահագործող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով։ Իսկ միկրոավտոբուսային հ.114 երթուղին նախատեսված է փոխարինել ավտոբուսային երթուղով՝ նոր ավտոբուսների ներկրման դեպքում, իսկ այլ երթուղի նախատեսված չէ։