Համերգի ավարտից հետո Կիսինին երեք անգամ հրավիրեցին բեմ (տեսանյութ)
«Երբ նախատեսված համերգային ծրագիրն ավարտվում է, իսկ դահլիճը ծափահարում է անընդմեջ և ինձ բաց չի թողնում, ես ինձ երջանիկ եմ զգում: Ինձ համար սա թերևս ամենասքանչելի պահերն են: Եղել են դեպքեր, երբ 8 և ավել անգամ նվագել եմ ծրագրից դուրս», ասել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը իր հարցազրույցներից մեկում: Երևանյան ունկնդրի ջերմ բռավոներն էլ Կիսինի կողմից անպատասխան չմնացին, չնայած որ լեփ-լեցուն դահլիճը, նկարահանող ֆոտո և տեսախցիկների չխկոց, թրխկոցները համերգի սկզբում հավանաբար, նյարդայնացրել էին նրբազգաց երաժշտին, որն առաջին ստեղծագործության կատարումից հետո գնաց կուլիսներ այնքան ժամանակ, մինչ կազմակերպիչները դուրս կհրավիրեին ֆոտոլրագրողներին և օպերատորներին, բացատրելով, որ ըստ պայմանավորվածության կարելի է նկարահանել միմիայն առաջին տաս րոպեն: Սակայն անկախ պայմանի կիսինյան երաժշտական հնչյուններն այո, պետք է թևածեն այն դահլիճում, որտեղ բացարձակ լռություն է, քանի որ նրա երաժշտությունն ինքնին բացարձակ կատեգորիա է: Երկու տարեկանից նա իմպրովիզացիաներ էր անում: Առաջին մենահամերգը կայացավ 10 տարեկանում: 17 -ում նվագեց Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Հերբերտ Ֆոն Կարայանի դիրիժորությամբ: Վիրտուոզ դաշնակահարի համոզմամբ նվագը կարող է լինել հուզական կամ ինտելեկտուալ, սակայն կարևորը առանց այն զգալու կատարել հնարավոր չէ: Իսկ հեղինակի մեկնաբանումը ընդամենը ճաշակի հարց է: Կիսինն իր տաղանդով, ևս մեկ անգամ գերեց հայ հանդիսատեսին, որն այս անգամ վայելեց Բեթհովենի, Պրոկոֆյեվի սոնատների, Շոպենի նոկտյուրների և մազուրկաների, Լիստի դաշնամուրային պիեսների կիսինյան անթերի, փայլուն կատարումն ու ֆանտաստիկ մեկնաբանումը: Երաժշտական ասպարեզի գրեթե բոլոր մրցանակներին և պարգևներին արժանացած, կրկնակի «Գրեմի» մրցանակակիր, Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ Եվգենի Կիսինը հանդես գալով ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգով ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանն իր համար այն վայրը չէ, որտեղ նա գումար է աշխատում: Ինչպես ինքն ասաց նախորդ այցի ժամանակ «դրա համար երկրագնդում շատ ավելի հարմար տեղեր կան»: