Առաջարկել են Հայաստանում ռուբլիով աշխատավարձ տալ (տեսանյութ)
«Հայ-ռուսական հարաբերությունները ներկայում ամենամեծ խոչընդոտն են մեր երկրի՝ Եվրամիությանը միանալու հարցում»,-վստահ է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում, ասում է՝ մենք տուժում ենք, իսկ Ռուսաստանն ընդհակառակը՝ շահում։ Ռուսական կողմն ավելացրել է իր արտահանման ծավալները դեպի մեր երկիր, իսկ այնտեղից եկող տրանսֆերտները քչացել են։ «Մեզ ԵՏՄ բերման են ենթարկել, կալանավորել և Պուտինը մարդկանց համար հաճելի հայտարարություններ է անում։ Հայաստանը ԵՏՄ-ի հետ ընդհանուր տարածք չունի և չի էլ ունենա, եթե իհարկե, նորից չհարձակվի ասենք Վրաստանի կամ այլ պետության վրա,-շեշտել է նա: Պարոն Մեհրաբյանը վստահ է՝ կառավարման համար, այնուամենայնիվ, խելք պետք է։ Կարծում է, որ այժմ երկիրը գտնվում է փոսի մեջ, որտեղից դուրս գալու համար կառավարությունը և մյուս պատկան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ համոզված է, որ Եվրոպան մեզնից երբեք էլ չի հրաժարվի: «Նախորդ տարի մի փոքր Եվրամիության ծրագրերը նվազեցին, երևի վրդովված էին, բայց այս տարի նրանց հետ հարաբերությունները շատ ակտիվ ընթանում են։ Սա կբերի նրան, որ ասոցացման նոր համաձայնագիր կստորագրվի»,-եզրակացրել է նա: Համոզմունք ունի, որ Հայաստանը միակ երկիրն է մնացել, որը կարող է Ռուսաստանի հանդեպ դրական վերաբերմունք ստեղծել Եվրոպայի կողմից: Այդ երկրի տնտեսական վիճակը նա ծանր է գնահատում և վստահ է. «Նրանք դեռ երկար ժամանակ տնտեսությունը զարգացնելու, առաջ մղելու հնարավորություն չեն ունենա: Արդեն 10 տարի հետո շատ բնագավառներում նա իր դիրքերը կզիջի, հետևաբար հիմա հաշվարկում է, թե ինչ քայլերով կարող է իր խնդիրները լուծել»։ Մեր կողմից հայտարարվել է, որ դեռևս չենք միանալու միասնական արժույթին, որը ԵՏՄ-ի ծրագրերում առկա է, բայց գուցե որոշ ժամանակ անց դա տեղի ունենա: «Եթե ռուբլին մեր երկիր մտնի, 1 ու կես մլրդ տրանսֆերտները 90 մլրդ ռուբլի կկազմեն։ Այդքան ռուբլի չեմ հասկանում, ի՞նչ ենք անելու: Դա կճնշի մեր դրամին: Աբսուրդային վիճակ է»,-շեշտել է նա: Ռուսական ընկերություններն անգամ առաջարկել են, որպեսզի մեր երկրում ռուբլիով աշխատավարձ տրվի։ «Գործատուներն ինչ-որ պահի լուրջ խնդիրներ կունենան և կառավարությունը Կենտրոնական բանկի հետ պետք է պայմանավորվի, որ էքսկլյուզիվ պայմաններով վարկեր տրամադրեն գործատուներին»,-շեշտել է պարոն Մակարյանը: Նա չի հասկանում այն, որ հաճախ Ռուսաստանին մեղադրում են Ադրբեջանին զենք վաճառելու համար։ «Հայռուսգազարդը, էլեկտրական ցանցերը և այլ կարևոր կառույցներ իրենց ձեռքում են։ Ճիշտ է՝ լավ չեն պահում դրանք, ատկատներ, կորուստներ շատ կան, բայց ամեն դեպքում իրենք են ղեկավարում։ Ամենաշատ ներդրումներն այնտեղից էլ, տրանսֆերտները՝ նույնպես։ Այնպես որ պետք է մտածենք, թե ինչ իրավունքով ենք մեղադրում այդ երկրին»,-շեշտել է պարոն Մակարյանը։ Կարծում է, որ ինչ- որ պահանջներ ներկայացնելու համար միակ ճանապարհը մեր տնտեսությունը զարգացնելն է: Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետը հակադարձել է, որ առանց մենաշնորհների վերացման, բիզնեսի ու քաղաքականության տարանջատման, առանց մարդկանց այս լծից ազատելու, չենք կարող տնտեսություն զարգացնել: